Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ պաշտոնական Անկարան մեղադրել է Ռուսաստանին՝ Մյունխենում հրադադարի մասին որոշման ընդունումից հետո Սիրիայում գործողությունները չդադարեցնելու մեջ:
«Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայում ռուսական հարձակումները, որոնք միջազգային իրավունքի նորմերով համարվում են պատերազմական հանցագործություն: Ռուսաստանի Դաշնությունն այս գործողություններով ավելի է խորացնելու Սիրիայի ներքին պատերազմը և տարածաշրջանի անկայունությունը: Եթե Ռուսաստանն անմիջապես վերջ չտա այս գործողություններին ու հարձակումներին, անխուսափելի կլինի մեծ և լուրջ խնդիրների առջև կանգնելը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: