ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը անհանգստացրել է Թուրքիային: Այս բանաձևի առնչությամբ երկրի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: Տարածած հաղորդագրության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևը որակել է «հապշտապ պատրաստված» և «ոչ լուրջ»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ հայտարարության մեջ նշել է Առաջին աշխարհամարտի տարիներին «1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին»' ընդգծելով արդար հիշողության և այս հարցում թուրքերի ու հայերի կողմից երկխոսության անհրաժեշտությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հիշեցրել է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը' ասելով, որ հանձնաժողովի հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում:

 

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: Առաջարկվում է Սենատին 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 

Բանաձևը ներկայացրել էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը ապրիլի 3-ին: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցել հայ-թուրքական կայուն և կառուցողական հարաբերությունների հաստատմանը' հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և ճշմարտության ճանաչման վրա: