Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ողջունելի է համարել Ֆրանսիայի Սենատում ընդունված հայանպաստ բանաձևը։
Աբրահամյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։
«Կարծում եմ Հայաստանի համար ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, իհարկե, ողջունելի է և հնարավորություն է արտաքին տարբեր քաղաքական ուղղություններով Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով»,- ասել է Աբրահամյանը։
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է այս հանգամանքը օգտագործել նաև Ադրբեջանի հետ բանակցություններում իր համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծելու առումով։
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ' երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։