Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան ձեռնտու է գործող նախագահին, բայց ոչ ՀՀԿ-ին: Ներքաղաքական իրադարձությունների շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

 

 

- Պարոն Բադալյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ է ձգձգվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումը:



- Կոալիցիայի մասով կարող ենք ասել, որ դա ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա է, այլ գործող նախագահ-ՀՅԴ կոալիցիա՝ ընդդեմ վարչապետի թևի, որը կապված է 2017-2018 թավականներին գործող նախագահի քաղաքական ապագայի հետ: Եվ բնականաբար, գործող նախագահը պետք է չեզոքացնի իրեն սպառնացող վտանգը, որն այս պահին գործող վարչապետն է: Իսկ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հարցազրույցներից մեկում ասել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո ակնկալում է բարձր պաշտոն զբաղեցնել: Բարձր պաշտոն զբաղեցնելն էլ հասկացվում է՝ որպես վարչապետի պաշտոնում հայտնվելը, քանի որ նախագահի պաշտոնն արդեն այն կշիռը չի ունենա: Հետևաբար նրանց միջև կոալիցիոն բանակցությունների ձգձգումն այս չերևացող պայքարն է: Իհարկե, այս պարագայում «Դաշնակցությունն» այլ խնդիրներ է լուծում՝ փորձելով տիրանալ վարչական ռեսուրսների։ Եվ այդ վարչական ռեսուրսներին տիրանալով՝ ՀՅԴ-ն փորձում է իր տեղն ապահովել առաջիկա խորհրդարանում: Եթե նրանք խորհրդարան չկարողանան մտնել, ապա խնդիրներ կառաջանան թե՛ կուսակցության ներսում, թե՛ դրսում։ Կարող ենք ասել, որ Հանրապետականում ոչ բոլորն են ցանկանում իրենց պաշտոնները զիջել դաշնակցականներին՝ հանուն գործող նախագահի քաղաքական ապագայի։ Ոչ բոլոր հանրապետականներն են կողմ գործող նախագահին տեսնել ապագա վարչապետի պաշտոնում։ Այստեղ ավելի շուտ չերևացող պայքար է ընթանում, որն իր տրամաբանական ավարտին չի հասել։ Հուշագրի ստորագրման ձգձգման համար, միգուցե, ուրիշ այլ պատճառներ կան։ Լրագրողներն այդպես էլ հարց չտվեցին՝ ո՞վ է բանակցություններ վարում կոալիցիոն հուշագրի ստորագրման համար, կոնկրետ ո՞վ՝ ՀՀԿ ղեկավար գործիչնե՞րը, թե՞ Սերժ Սարգսյանը։ Դա նշանակում է, որ այդ գործընթացն ավելի շատ պետք է գործող նախագահին, քան թե ՀՀԿ-ին։

 

 

Պարոն Բադալյան, անդրադառնալով ընդդիմությանը՝ ապագա խորհրդարանում քաղաքական ընդդիմադիր ուժերից որի՞ն եք տեսնում։



- Բնականաբար, հիմա չեմ կարող ասել, թե կոնկրետ որ ընդդիմադիր ուժը կկարողանա հայտնվել Ազգային ժողովում, որովհետև դեռ պետք է տեսնել նրանց աշխատանքը։ Ովքեր առավել գրագետ աշխատանք կիրականացնեն, նրանք էլ կհայտնվեն խորհրդարանում։ Եթե աշխատանքներ չկատարվեն, բնականաբար, չեն մտնի այդ խորհրդարան, որովհետև ավելի է խստացվելու ամեն ինչ։ Այսպես ասած՝ իշխանության համար առավել դժվար կլինի «սարքովի» ընդդիմությանը տանել խորհրդարան։ Այնուամենայնիվ, կգտնվեն որոշ կուսակցություններ, որոնք կփորձեն աշխատանք տանել՝ խորհրդարան մտնելու համար։ Բայց չեմ կարող անուններ տալ, որովհետև դեռ հստակ չէ։ Ինչպիսի՞ աշխատանք կտանի ընդդիմությունը, արդյոք դա բավարար կլինի՞, իշխանությունը կկարողանա՞ ստեղծել կեղծ ընդդիմադիր կուսակցություն և «ռասկռուտկա» անել, ինչպիսի՞ն կլինեն գործող նախագահի և ԲՀԿ-ի հարաբերությունները, Արա Աբրահամյանը կուսակցություն կստեղծի՞, թե՞ ոչ։ Շատ հարցեր դեռ կան, որոնց պատասխանները չկան։ Այդ իսկ պատճառով չենք կարող հստակ ասել, թե որ ընդդիմադիր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում։

 

 

Քրիստինա Աղալարյան