Օրերս ԼՈՒՐԵՐ.com-ում հարցում էինք անցկացրել «Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենավստահելի ընդդիմադիր քաղաքական ուժը» թեմայով, և ինչպես և կարելի էր սպասել, հարցմանը մասնակցած ընթերցողների 52%-ը՝ որպես պատասխան, նշել էր «Ոչ մեկը» կետը: Սա ևս մեկ անգամ ցույց տվեց մեր ընդդիմադիր դաշտի արժեզրկված և ընդդիմության՝ հեղինակազրկված լինելը: Ընդդիմադիրներից շատերն, իհարկե, այս հարցում կմեղադրեն իշխանություններին, բայց ես կարծում եմ, որ խնդիրը պետք է փնտրեն իրենց մեջ: Իսկ իրենց խնդիրները շատ պարզ են, չնայած արժե նորից թվարկել.

 

- Ընդդիմադիրներից շատերը զուտ անձնական խնդիր են լուծում, այլ ոչ գաղափարական: Ոմանք ուղղակի երազում են վերականգնել իրենց կորցրած աթոռները: Հանրությունն զգում է նման բաները և դրա համար էլ չի վստահում:

 

- Որոշ ընդդիմադիր ուժեր ղեկավարվում են աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների կողմից, հետևաբար՝ ներկայացնում են այդ կենտրոնների շահերը Հայաստանում, ինչը նույնպես զգալի է հանրության մեծ մասի կողմից և չի նպաստում վստահության առաջացմանը:

 

- Ընդդիմադիր գործիչները, լիդերները չափազանց մեծ ամբիցիաների տեր են, նրանցից շատերը ձգտում են ստանձնել լիդերությունն ամբողջ ընդդիմադիր դաշտում, ինչի արդյունքում առաջանում է սուր, ընդգծված մրցակցություն միմյանց միջև, հակասություններ:

 

Հակասությունները հաճախ կարող են վերածվել թշնամանքի: Երբեմն ընդդիմադիր ուժերը միմյանց այնքան են քննադատում ու վարկաբեկում, որ նույնիսկ մի պահ մոռանում են իշխանությունների մասին: Արդյունքում կրկին կորչում է վստահությունն ընդդիմության նկատմամբ:

 

-Ընդդիմադիր ուժերը հաճախ անգործության մատնված, չունեն հստակ մշակված մարտավարություն, ծրագրեր, անարդյունք և անիմաստ փողոցային սակավամարդ միջոցառումներից այն կողմ չեն անցնում, ընտրություններին պատշաճ կերպով չեն նախապատրաստվում, վստահված անձերի պակաս են ունենում միշտ ընտրատեղամասերում: Այս ամենի հետևանքով ընդդիմադիր ուժերը հաճախ գրանցում են ձախողումներ, իսկ հանրությունը չի կարող վստահել արդեն մի քանի անգամ ձախողվածներին:

 

Կարող եմ այլ պատճառներ էլ թվարկել, բայց, կարծում եմ, այսքանն էլ հերիք է: Եզրակացությունը մեկն է՝ ընդդիմադիր դաշտում փոփոխություններ են պետք, ընդդիմադիր դաշտը նոր, երիտասարդ, առողջ, չվարկաբեկված ուժերի ու գործիչների կարիք ունի:

Կարեն Վարդանյան