Անցած տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանին պատկանող Airbus A321 ինքնաթիռը Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, վթարվել էր։ Ինքնաթիռի անկման պատճառով մահացել էին 217 ուղևորները և 7 հոգանոց անձնակազմը: Ավելի ուշ հաստատվեց, որ ինքնաթիռի անկման պատճառը ներսում տեղադրված ռումբն է եղել, այսինքն՝ ռուսական ինքնաթիռը ենթարկվել է ահաբեկչության։
Դեպքից հետո շատ երկրներ արգելեցին թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոս: Հայաստանը ևս բացառություն չէր. չնայած պետական մակարդակով չարգելեցին թռիչքները դեպի Եգիպտոս, սակայն մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծվեց: Եգիպտոսը, որը համարվում է զբոսաշրջության և հանգստի լավագույն երկրներից մեկը, շեշտակիորեն հեղինակազրկվեց և զբոսաշրջիկների համար դարձավ կյանքի համար վտանգավոր երկիր։
ԼՈՒՐԵՐ.com-ը որոշեց հայաստանյան տուրիստական ընկերություններից պարզել, թե այս՝ մոտ 4 ամսվա ընթացքում դեպի Եգիպտոս չվերթներն ավելացե՞լ են, թե՞ պակասել։
«ԳՈԼԴ ԹՐԵՎԼ» ընկերության հիմնադիր տնօրեն Մարգարիտա Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում ընդհանրապես տուրեր չեն վաճառել դեպի Եգիպտոս, և պատճառը տեղի ունեցած դեպքերն են։ «Մենք առաջին օպերատորն ենք եղել, որ դեպի Եգիպտոս տուրեր ենք արել, բայց հիմա ընդհանրապես չենք վաճառում։ Եվ հետո, այդ դեպքերից հետո մենք էինք դադարեցրել չվերթները, խորհուրդ չէինք տալիս գնալ։ Կարող եմ ասել՝ 98 տոկոս մարդիկ չեն գնում, վախենում են։ Միայն ինքնաթիռի դեպքը չէր, էս ընթացքում լիքը դեպքեր են եղել, մարդկանց են գողանում։ Հետո այդ պատասխանատվությունը մեզ վրա է մնում»,- ասաց տուրիստական ընկերության տնօրենը։
«ՋՈՅ ՏՈՒՐ» տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ այս ընթացքում դեպի Եգիպտոս տոմսերի վաճառք եղել է, սակայն դա կազմում է ընդհանուր վաճառքի մեկ տոկոսը. «Մարդիկ խուսափում են, վախը կա: Նոր տարվանից հետո ասեմ, որ ընդամենը 1-2 հարցում է եղել՝ Եգիպտոս տուրերի հետ կապված, այն էլ հետո չեն գնել, փոշմանել են: Պատճառը վախի մթնոլորտն է»,- նշեց տուրընկերության տնօրենը։ Նրա խոսքով՝ ի տարբերություն Եգիպտոսի, դեպի Դուբայ թռիչքներն շատ ավելի հաճախ են լինում։
Երևանում գործող մեկ այլ տուրիստական ընկերության՝ «ԲԼԵՍԻՆԳ ՏՈՒՐ»-ի հիմնադիր տնօրեն Էլեն Հայրապետյանը մեզ փոխանցեց, որ հիշյալ դեպքերից առաջ տուրերի վաճառքն ավելի ակտիվ էր, քան հիմա: «Բայց այնպես չէ, որ չեն գնում։ Գնացողը գնում է: Բայց, իհարկե, նվազել է։ Մարդկանց մոտ վախի մթնոլորտ է։ Մանավանդ այն դեպքից հետո, երբ Հուրգադա մտան, հյուրանոցներում մարդկանց սպանեցին»,- շեշտեց տուրիստական ընկերության տնօրենը։ Վերջինս կարծիք հայտնեց, որ շուտով կսկսվի դեպի Եգիպտոս տուրերի ավելի ակտիվ վաճառքը։
«Եգիպտոսի վերաբերյալ շատ ակցիաներ, առաջարկներ կան, ունենք մի շարք տուրեր այնպիսի հյուրանոցներում, որտեղ շատ ավելի հանգիստ է։ Եթե տուրսիտական որևէ ընկերություն լավ առաջարկ է անում, օրինակ՝ 407 դոլարով հինգաստղանի հյուրանոցում հանգստանալը, ապա մարդիկ համաձայնվում են։ Մենք նաև ճշտում ենք այնտեղ իրավիճակը, այս պահին հանգիստ է»,- ավելացրեց Էլեն Հայրապետյանը։
Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ այնուամենայնիվ, դեպի Եգիպտոս չվերթները նվազել են, հայ զբոսաշրջիկները նախընտրում են այլ երկրներում հանգստանալ, վճարել ավելի շատ և տվյալ երկրում ապահով զգալ, քան մեկնել Եգիպտոս։
Քրիստինա Աղալարյան