Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է քաղաքապետարանի կատարած աշխատանքների տարեկան հրապարակային հաշվետվությունը.

 

 

«Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ.

 

 

Արդեն ութերորդ անգամ եմ ես հանրության առջեւ ներկայանում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքների տարեկան հրապարակային հաշվետվությամբ։ Հանրության հետ շփումը, քաղաքացիների կարծիքը լսելը, առաջարկներ ստանալն ու քննարկելն, առհասարակ, իմ աշխատաոճի անհրաժեշտ բաղկացուցիչն են կազմում։ Ես միշտ էլ օգտագործում եմ էջմիածնեցու խոսքին ականջալուր լինելու ամեն մի հնարավորություն։

 

 

Հիմա արդեն կոնկրետ 2015թ. աշխատանքների վերաբերյալ։ Այստեղ հատուկ ընդգծեմ, որ տարին աննախադեպ էր հիշատակման կարեւոր տարեթվերով: Ապրիլին Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն էր, մայիսին' Մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակը, իսկ հոկտեմբերին մեր քաղաքը նշեց հիմնադրման 2 700-ամյակը: Այսինքն' տարին ինքը տեմպ էր թելադրում, պարտավորեցնում էր, եւ մենք պատվով բռնեցինք այդ քննությունը:

 

 

Այսպես ուրեմն։ 2015 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 105,1 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 427մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 520մլն դրամ։ Եթե 2010-ին առաջին անգամ կարողացել էինք միլիարդ դրամի սահմանագիծն անցնել, 2015-ին առաջին անգամ Էջմիածնի փաստացի բյուջեն անցել է մեկուկես միլիարդի սահմանագիծը: Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,8 տոկոսով։
Այժմ ճյուղ առ ճյուղ ուսումնասիրենք, թե ինչ նպատակներով են ծախսվել հավաքագրված միջոցները։

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ



Վճարվել է 747,2 մլն դրամ աշխատավարձ։ Ի դեպ, 2015-ի հուլիսի 1-ից բարձրացվեց քաղաքապետարանի եւ ենթական կառույցների շուրջ 80 տոկոս աշխատակիցների աշխատավարձը, ինչի համար պահուստային ֆոնդից հատկացվեց 30 մլն դրամ։

 

 

Աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղվել է մոտ մեկ միլիոն դրամ։

 

 

2015 թվականն աննախադեպ էր կապիտալ շինարարության ոլորտում կատարված աշխատանքների ծավալով եւ մասշտաբով։ Կառուցել ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, ուր տեղադրվել է Սպարապետի հուշարձանն ու ամբողջությամբ կարգավորել ենք այդ հատվածի' մինչ այդ չվերահսկվող երթեւեկը: Անդրանիկ Օզանյանի անունով անվանակոչված փողոցում տեղադրել ենք Զորավարի հարթաքանդակը: Կոմիտասի անվան Մշակույթի պալատի հիմնանորոգման համար ծախսվել է 43 մլն 525 հազ դրամ, թիվ 11 մանկապարտեզի վերանորոգման համար՝ 41 մլն 231 հազ 800 դրամ, թիվ 2 երաժշտական դպրոցի նորոգման համար՝ մոտ 16 միլիոն, գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման համար ծախսվել է 3 մլն 144 հազ 800 դրամ։ 2 միլիոն դրամից ավելի ծախսվել է Կոմիտասի հրապարակին հարող տարածքների սալվածքների աշխատանքների համար։ Կատարվել են նաեւ գեղարվեստի դպրոցի եւ ՔԿԱԳ շենքի արտաքին պատի մաքրման աշխատանքներ։

 

 

Հաշվետու տարվա ընթացքում ձեռք են բերվել համակարգիչներ, տպիչներ, արտաքին կոշտ սկավառակներ, անվտանգության համակարգեր, այլ գույք քաղաքապետարանի համակարգի կառույցների համար։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ



Հաշվետու տարվա ընթացքում քաղաքապետարանը քաղաքացիներից ստացել է 1962 դիմում, եւս 2012 գրություն՝ տարբեր կազմակերպություններից։ Քաղաքապետի մոտ ընդունելության են եղել ավելի քան 1700 բնակիչ։ Սոցիալական տարբեր հարցերով ստացվել է 950 դիմում, որոնք բոլորն էլ բավարարվել են։ 510 ընտանիքի հատկացրել ենք վառելափայտ, ինչի համար ծախսել ենք մոտ 14մլն 110հազար դրամ։ 19մլն 444հազար դրամի օգնություն հատկացրել ենք 275 ընտանիքի, որից ուսման վարձ՝ 68 քաղաքացու, բուժման վճար՝ 175, այլ կարգի սոցիալական խնդիրներով՝ 32։ Բավարարել ենք նաեւ 165 բնակչի այլ բնույթի դիմումներ՝ արխիվային տեղեկանքի հատկացում, միջնորդագրեր եւ այլն։

 

 

Հաղթանակի օրվա եւ Ամանորի կապակցությամբ հայրենական պատերազմի վետերաններին տրվել է 760 000 դրամի ֆինանսական օգնություն։ Տարվա ընթացքում թվով 79 զոհված ազատամարտիկի ընտանիքի հատկացվել է 1մլն 580 հազար դրամի ֆինօգնություն։ Այս ընտանքիներին, նաեւ՝ թվով 17 վիրավոր ու սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանքիների հատկացվել է նաեւ 1 250 000 դրամի ֆինանսական օգնություն Ամանորի կապակցությամբ։ Արագածի զանգվածի ծերերի տան բնակիչներին ապրիլի 7-ի եւ Ամանորի կապակցությամբ հատկացրել ենք 150 000 դրամի օգնություն։ Շարունակել ենք հետեւողական ջակցության ցուցաբերումը ծերերի տանն ու «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը։ Տարվա ընթացքում այս հաստատություններին հատկացրել ենք 5,2 մլն դրամի սնունդ, ինչպես նաեւ՝ ապրիլի 7-ի եւ Ամանորի կապակցությամբ 310 000 դրամի օգնություն ենք հատկացրել «Մեր տունը» կազմակերպության սաներին։

 

 

2015-ի ընթացքում 704 400 դրամի չափով հողի հարկի եւ գույքահարկի արտոնություն է տրվել 43 զոհված ազատամարտիկի ընտանիքի, 3 կարիքավոր ԵԿՄ անդամի եւ 7 հաշմանդամ ազատամարտիկի ընտանիքի, Հայրենական մեծ պատերազմի թվով 10 վետերաններին էլ տրվել է 161 400 դրամի հարկային արտոնություն։ Հարկային արտոնություններ տրվել են նաեւ բարեխիղճ հարկատուներին՝ գույքահարկի գծով՝ 1 834 200 դրամի, հողի հարկի գծով՝ 1 319 100 դրամի։

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ



Սա անչափ կարեւոր ոլորտ է, քանզի քաղաքի մաքրությունը կարեւոր է մի քանի տեսանկյունից՝ սկսած գեղագիտական նշանակությունից մինչեւ սանիտարահիգիենիկ վիճակ։

 

 

Այսօր աղբահանություն իրականացվում է քաղաքի 64 անուն փողոցներից եւ 176 բազմաբնակարան շենքերից։ Բացի այդ, օրական 2 անգամ իրականացվում է քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված 260 մեծ եւ 320 փոքր մետաղյա աղբարկղերի դատարկման եւ բեռնաթափման գործընթաց։ Շաբաթական 2 անգամ էլ մեր քաղաքապետարանի տեխնիկայով աղբահանություն է իրականացվում Մրգաստան, Շահումյան եւ Պտղունք գյուղական համայնքներում։

 

 

Աղբահանությունն իրականացվում է 14 միավոր ինքնաթափերի միջոցով։ 2015-ին բնակկոմունալի տրանսպորտային պարկը համալրվել է 3 միավոր տեխնիկայով։ ԴՏ-75 բուլդոզեր տրակտորի եւ ԶԻԼ-130 մակնիշի ջրցանի համար ծախսել ենք 13 մլն 623 հազ 800 դրամ, իսկ«Կամազ» մակնիշի ԿՕ-318 հատուկ փոշեհավաք ունիվերսալ ավտոմեքենա Էջմիածնի 2 700-ամյակի կապակցությամբ նվեր ենք ստացել մեր լավ բարեկամ «Գրանդ հոլդինգ»-ից։

 

 

Օրական տեղափոխվում է միջին հաշվով 210 տոննա աղբ։ Աղբահան տրանսպորտային միջոցների անխափան շահագործման համար 2015-ի ընթացքում ծախսվել է մոտ 71մլն դրամ։ Այս գումարը ներառում է վառելիքի, քսայուղերի եւ ավտոպահեստամասերի համար կատարված ծախսը։ Մոտ 1մլն դրամ ծախսվել է նոր մետաղյա աղբամանների տեղադրման համար։ Ձնամաքրման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկական աղն ու խարամի ավազը մշտապես ունենում ենք հավելյալ չափաքանակներով։

 

 

Վերանորոգվել է 15 բազմաբնակարան շենքի՝ 4231քմ տանիք, ինչի համար ծախսվել է մոտավորապես 34 միլիոն դրամ։

 

 

8 մլն 538հազ 800 դրամ օգտագործել ենք քամուց տուժած Մշակույթի տան եւ Մաշտոց 85, Վռամ Կոստանյան 6, Արարատյան 34ա բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման նպատակով:

 

 

Թերեւս կատարված աշխատանքն ակնառու է, այդ պատճառով էլ էջմիածնեցիները սիրահոժար են կատարում վճարումներ աղբահանության դիմաց։ 2015-ին հավաքագրումները կազմել են նախանշվածի 101 տոկոսը։

 

 

ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ



Անհնար է չնկատելը, որ Էջմիածինը տարեցտարի առավել ու առավել բարեկարգ ու լուսավոր է դառնում, այս ոլորտում աշխատանքների ծավալն էլ աճում է։

 

 

Բարեկարգման բնագավառում մեր առաջնահերթ նպատակը ոռոգվող կանաչապատ տարածքների հետեւողական ավելացումն է։ Փաստի անաչառ արձանագրումն է, որ մեր քաղաքը դեռ 2014-ին հաղթող ճանաչվեց Համայնքների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ անցկացվող «Ամենականաչապատ համայնք» մրցույթում։ Այսօր արդեն քաղաքում ունենք մշտապես ոռոգվող 25 հեկտար կանաչապատ տարածք։ Կարեւորագույն խնդիր էր պաշտպանիչ անտառաշերտի հիմնումը։ Դա այլեւս իրականություն է, թեպետ ձեռք բերածով չենք բավարարվում: Քաղաքի զարգացման քառամյա ծրագրի համաձայն, արդեն իսկ տնկված 16 000 ծառերի թիվը բազմապատկելու նպատակ ունենք։ Շարունակում ենք նաեւ արվարձաններում այգիներ հիմնելու աշխատաոճը։ Չարենց, Տերյան, Զվարթնոց արվարձաններն ունեն բարեկարգ այգիներ, ուր աշխատանքները մշտապես շարունակելու ենք։ Նոր այգու հիմքեր ենք գցել Արամ Մանուկյան թաղամասում։

 

 

Շարունակում ենք Էջմիածինը վերածել ծաղկաստանի։ Կենտրոնական ծաղկանոցներում տնկվել են մոտ 1,3 մլն դրամի 2 800 ծաղկասածիլ, իսկ 4 410 մետր քառակուսի տարածքում ցանել ենք 441 կգ խոտի սերմ՝ մոտ 2,4 մլն դրամ արժողությամբ։ Մայրուղու սիզամարգում տեղադրվել է 3,4 մլն դրամ արժողությամբ 1 300 մ երկարությամբ խոտածածկույթ եւ 50 հատ տուա՝ 1,75 մլն դրամի։ Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել փաստին, որ մենք հասցրինք քաղաքի մուտքն ու դեպի կենտրոն տանող ճանապարհը կանաչ, ծաղկապատ դարձնել արդեն ապրիլին, որպեսզի մեր պետությունը պատվով ընդունի հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգի եւ 100-ամյակի միջոցառումների համար Մայր Տաճար եկող հյուրերին, պետությունների ղեկավարների, տարբեր ժողովուրդների հոգեւոր առաջնորդների: Նորամուծություն էր այն, որ ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ էլեկտրական սյուներին ամրացրինք կախիչներ, կախովի ծաղկամաններ, որոնցում տեղադրել ենք բազմամյա ծաղկատեսակներ, որոնք քաղաքը գեղեցկացնելու են նաեւ առաջիկա տարիներին: 100-ամյակին ընդառաջ Կոմիտասի հրապարակում նաեւ անմոռուկի եւ մոմերի տեսքով լուսային կոմպոզիցիա ենք տեղադրել:

 

 

Քաղաքում շարունակում ենք խաղահրապարակների տեղադրումը։ Հաշվետու տարվա ընթացքում տեղադրվել է 4 կոմպլեկտ խաղահրապարակ: Զվարթնոցի քոթեջներում կառուցվել է նոր ցանցապատ մանկական խաղահրապարակ՝ խաղային պարագաներով, բասկետբոլի զամբյուղներով եւ ֆուտբոլի դարպասներով։ Այս նպատակով ծախսվել է 2 մլն 585 հազ 400 դրամ։ Սահարան, ճոճանակ եւ այլ խաղային պարագաներ են տեղադրվել 11-րդ մանկապարտեզի բակում։ Քաղաքապետարանի շենքի դիմացի ջրավազանի մեջ ֆիլտրացման համակարգով ջրային ատրակցիոն տեղադրելու համար ծախսել ենք 2 մլն 617 հազ 300 դրամ։ Մանկական խաղային պարագաներ ենք տեղադրել նաեւ Հայրենական մեծ պատերազմի Անմար կրակի շրջակայքում։ Առաջ ընկնելով՝ ասեմ, որ այս տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվել է՝ ձեւափոխվել եւ նորացվել են շատրվանները , անցկացվել են ոռոգման համակարգի նոր պոլիէթիլենային խողովակներ, տեղադրվել են 4 նոր պոմպ, ներկվել են նստարանները, տեղադրվել են նոր աղբամաններ, անցկացվել են 16 նոր էլեկտրասյուներ, որոնցից չորսը՝ կրկնակի լուսարձակներով, տեղադրվել են «Էջմիածին» մակագրությամբ նստարաններ, բաց զրուցարան։ Ընդհանուր առմամբ Անմար կրակի տարածքի եւ շատրվանների բարեկարգման համար ծախսվել է մոտավորապես 8,5 մլն դրամ։

 

 

Ասֆալտապատման աշխատանքների համար 2015-ին ծախսվել է մոտ 120 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 15 000 մետր քառակուսի ճանապարհ եւ հրապարակ։

 

 

Ավելի քան 25 մլն դրամ ծախսվել է մայթերի սալվածքի հիմնանորոգման համար։ 10, 11, 13 մանկապարտեզների բակերում, Տերյան, Մանուկյան զբոսայիգիներում խորացվել են փորված ջրհորները։ Նոր ոռոգման համակարգ է անցկացվել Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի Զվարթնոցի հատվածում, ինչի համար օգտագործվել է 3մլն 428հազ 300 դրամ։ Այստեղ, ինչպես ասացի, մայրուղու երկայնքով տեղադրվել են խոտածածկույթ եւ բրգաձեւ տուաներ: Սրա նպատակն այն էր, որ նախկինում չոր, տափաստանային քաղաքի մուտքը դարձնենք գեղեցիկ եւ կանաչապատ, ոռոգվող տարածք:

 


Քաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են լուսավորության նոր համակարգեր, շարունակաբար կատարվել են մոնտաժման, տեխնիկայի վերանորոգման եւ վերականգնման, ծառերի էտման, բուժման, այլ կարգի սեզոնային աշխատանքներ, վերանորոգվել են նստարանները։ Տեղադրվել է բազմաբնակարան շենքի 5 շքամուտքի դուռ։ Կոմիտասի հրապարակի տարածքում տեղադրվել է Հաշտության նստարանը, որ հատկապես քաղաքի երիտասարդների համար հարազատ է դարձել։ Վերանորոգվել եւ ներկվել են քաղաքապետարանի շենքի դիմացիպուրակի ջրավազաններն ու շատրվանների վնասված շարժիչը։ Եթե շարունակեմ մանրամասն թվել, թե էլ ինչ աշխատանքներ են կատարվել բարեկարգման ոլորտում, առանց չափազանցության՝ ժամեր են հարկավոր, ուստի անցնենք հաջորդ կարեւոր բնագավառին։

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ



Սրանք այն ոլորտներն են, որ մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Էջմիածինն աշխույժ մշակութային կյանքով է ապրում։ Տարվա ընթացքում այստեղ իրականացվել է շուրջ 190 մշակութային միջոցառում, որոնց մեծ մասը՝ խոշորամասշտաբ ծրագրեր։ Ամանորի տոնական ձեւավորումը, Տրնդեզի տոնի նշումը, Էջմիածնի տոնի նշումը այն միջոցառումներն են, որոնց մասին ողջ տարվա ընթացքում խոսում են ոչ միայն էջմիածնեցիները, այլեւ ամբողջ Հանրապետության բնակչությունը: Այս փաստով հպարտանում է յուրաքանչյուր էջմիածնեցի։ Որպեսզի շատ չմանրամասնեմ, նշեմ, որ Կոմիտասի, Հովհաննես Հովհաննիսյանի Չարենցի, Թումանյանի տարեդարձերը մշակութային միջոցառումներով նշելը նույնպես հստակորեն արմատավորված ավանդույթ է։ 2015-ին տոնեցինք Էջմիածին քաղաքի 2 700-ամյակը։ Եռօրյա միջոցառումները դարձյալ բազմաբնույթ եւ բազմաբովանդակ էին։ Տոնի շրջանակներում նաեւ պատվիրեցինք եւ ունեցանք մեր քաղաքին նվիրված նոր երգ, որի խոսքերի հեղինակը մեր քաղաքի բարեկամ, մեր օրհներգի հեղինակ Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Մանե Հակոբյանը, իսկ երգում է Սիլվա Հակոբյանը։ Մասնագիտական արհեստավարժ ATD ընկերությանը պատվիրեցինք, եւ ունեցանք նաեւ երգի բարձրաճաշակ տեսահոլովակ։ Նույն այդ ընկերությունը մեզ աջակցեց նաեւ քաղաքի տոնի միջոցառումներն առավել կազմակերպված դարձնելու հարցում։

 

 

Արդեն ասվեց, որ հաշվետու տարվա ընթացքում մշակույթի եւ կրթության օջախների հիմնանորոգում ենք ունեցել՝ 2-րդ երաժշտական դպրոց, 11-րդ մանկապարտեզ, Մշակույթի տուն։ Կոմիտասի անվան Մշակույթի պալատում ազգագրական, ժամանակակից, սպորտային եւ այլ պարախմբերում, երգչախմբերում ընդգրկված են 1 200-ից ավելի երեխա, որոնց մենք փաստացի կարողացել ենք ինտեգրել մշակութային կյանքին:

 

 

Որպես խոշոր իրադարձություն նշեմ, որ 2015-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով անվանակոչված փողոցում ունեցանք համանուն հրապարակ, ուր տեղադրվեց Սպարապետի կիսանդրին (քանդակի հեղինակ՝ Ռուբեն Նալբանդյան)։ Քանդակին կից տեղադրված է նաեւ կենսագրական ցուցանակ, ուր ներկայացված են նաեւ հատվածներ Սպարապետի հանճարեղ մտքերից։ Ես արդեն նշեցի, որ այս հրապարակի միջոցով նաեւ նշված հատվածի երթեւեկության խնդիրը կարգավորեցինք: 2015-ին նաեւ Զորավար Անդրանիկի խորաքանդակը տեղադրեցինք Զորավարի անունով անվանակոչված փողոցում։
Մշակութային ծրագրերից հիշատակման են արժանի տաք սեզոնին կազմակերպվող համերգային ժամանցային ծրագրերն ու քաղաքապետարանի հարակից այգում բաց կինոդիտումների կազմակերպումը բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին։ Սա էջմիածնեցու առօրյան հագեցնող մշակութային, սոցիալական ծրագիր է՝ մեր քաղաքի բնակչությունը, առանց գումար վճարելու, արվեստին հաղորդակցվելու հնարավորություն է ստանում։

 


Տասնյակ միջոցառումներ են իրականացրել երաժշտական դպրոցները, այս հաստատությունների սաները նաեւ հաջողություններ են ունեցել Հանրապետական մրցույթներում։ Թիվ 1 երաժշտական դպրոցը հաշվետու տարում նշեց հիմնադրման 70-ամյակը։

 

 

2015-ին ակտիվ են եղել նաեւ Էջմիածնի թանգարանները։ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում եւ պատմաազգագրական թանգարանում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ։ Այս թանգարանները մասնակցել են նաեւ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը։ Պատմաազգագրական թանգարանում նաեւ նոր ցուցանմուշներ են ձեռք բերվել։


Կենտրոնական գրադարանի համակարգչային ուսուցման կենտրոնի անվճար ծառայություններից օգտվել են հարյուրավոր քաղաքացիներ' ազատամարտիկների ընտանիքների անդամներ, սոցիալապես անապահովներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: Ի դեպ, գրադարանի գրքային ֆոնդի հարստացման նպատակով 2015-ին քաղաքապետարանն օգտագործել է 500 000 դրամ: Այսօր արդեն Էջմիածնում գործող 7 գրադարանների գրքային ֆոնդը 267 538 գիրք է։ Ընթերցողների քանակը 13 104 է։ Գրադարաններում կազմակերպվել են հանդիպումներ, գրքերի քննարկումներ, մեծարման միջոցառումներ։

 


Կարեւորագույն ոլորտներից մեկը։ Քաղաքի 8 մանկապարտեզներում հսկողությունն ու վերահսկողությունը ծայրաստիճանի խիստ է, քանի որ գործ ունենք մինչեւ 6 տարեկան երեխաների հետ։ Բազմատեսակ որակյալ սնունդը, մանկապարտեզների մաքրությունը միշտ բարձր մակարդակի վրա են։ Ծնողկոմիտեների միջոցով անմիջական վերահսկողություն են սահմանում նաեւ երեխաների ծնողները։ Ինչ վերաբերում է թվական տվյալներին, ապա 8 մանկապարտեզի 42 խմբերում 2015-ին ունեցել ենք ավելի քան 1200 երեխա։ Այս բոլոր երեխաներն էլ Ամանորի կապակցությամբ տոնական համերգների ժամանակ նվերներ են ստացել քաղաքապետարանից։ Հունիսի վերջին էլ մանկապարտեզն ավարտող 400 սանի դպրոց ենք ճանապարհել՝ նվիրելով գրենական պիտույքներ։ Եթե տարիներ առաջ մեր մանկապարտեզների բակերը տափաստանների էին նման, ապա այսօր ամենուր ծաղիկներ են, դեկորատիվ եւ պտղատու ծառեր։ Հիմնանորոգման, մասնակի նորոգման, տարաբնույթ աշխատանքներ կատարվել են բոլոր մանկապարտեզներում։ Տարվա ընթացքում մանկապարտեզներում ձեռք է բերվել 400 մանկական աթոռակ։

 

 

Քաղաքը մշակութային միջոցառումներով մասնակցել է հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի, Մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակի, Երկրապահի օրվա, Անկախության օրվա եւ այլ ծրագրերի։

 

 

ՍՊՈՐՏ



Այս ոլորտի հետ կապված երկու հիմնական խնդիր ենք մեր առջեւ դնում: Կարեւոր են ինչպես մասսայական ֆիզկուլտուրան, որ նպաստում է առողջ սերունդ կրթելուն, այնպես էլ մեծ սպորտում էջմիածնեցի մարզիկների ունեցած հաջողությունները: Երկու ուղղությամբ էլ 2015-ին հաջողություններն ակնառու են եղել։

 


Այսօր Էջմիածնի մարզադպրոցում գործում են 13 մարզաձեւերի 46 խմբեր, որոնցում ընդգրկված են 675 մարզիկ։ Նրանց հետ աշխատում են 24 մարզիչ, որոնցից 6-ը՝ ՀՀ վաստակավոր մարզիչներ։ 2015-ը նույնպես էջմիածնեցի մարզիկների համար Հանրապետական եւ միջազգային մրցասպարեզներում հաջողությունների տարի էր։ Մեր մարզիկները տարբեր որակի տասնյակ մեդալներ են նվաճել տարբեր կարգի մրցաշարերում։ Հաշվետու տարվա ընթացքում աչքի ընկած մոտ 100 մարզիկի եւ մարզչի խրախուսանքների ենք արժանացրել, այդ թվում' 3 մարզիկի եւ 3 մարզչի' ֆինանսական խրախուսանքի' 240 հազար դրամ ընդհանուր գումարի չափով։

 


Տարվա ընթացքում Էջմիածնում անցկացվել են լայնամասշտաբ մարզական տասնյակ միջոցառումներ, որոնցից առավել հիշատակման են արժանի ազգային մարզաձեւերի փառատոնը, օլիմպիականի օրվան, աթլետիկայի օրվան նվիրված միջոցառումները, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հուշամրցաշարը, Զոհված ազատամարտիկների հուշամրցաշարը եւ այլն: Համահայկական 6-րդ ամառային խաղերի շքերթին Էջմիածինը մասնակցեց 75 հոգով, իսկ մարզական մրցումներում ունեցանք մեկական առաջին եւ երկրորդ, երկու՝ երրորդ մրցանակակիր։

 

 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ



Ակտիվորեն շարունակել ենք շփումները քույր քաղաքների հետ՝ ինչպես արտերկրի, այնպես էլ՝ Արցախի Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների։ Այս տարածքների ազատագրման եւ ինքնապաշտպանության մարտերին ծանրակշիռ մասնակցություն է ունեցել էջմիածնեցին, եւ այսօր էլ մեր պարտքն ենք համարում տվյալ տարածքների զարգացմանը հնարավորության սահմաններում աջակցելը։ Մասնավորապես օգոստոսին դեպի Արցախ ԵԿՄ ուխտագնացության ժամանակ այդ տարածքների դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին նվիրել ենք գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ։

 

 

Էջմիածնի 2 700-ամյակի տոնակատարությանը մասնակցում էին մեր քույր քաղաքների պատվիրակությունները։ Հյուրընկալեցինք նաեւ Ֆրանսիայի Շաղվիո Շավանիո քաղաքի պատվիրակությանը։ Այս քաղաքի հետ համագործակցության հուշագիր կնքեցինք հենց մեր քաղաքի 2 700-ամյակի հանդիսավոր տոնական նիստի ժամանակ։ Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Էջմիածնի պատվիրակությունը եղավ ԱՄՆ-ի Վաշինգթոն եւ Ֆրեզնո քաղաքներում։ Քույր քաղաք Ֆրանսիայի Իսի լե Մուլինո այցի ժամանակ եւս մենք մասնակցեցինք ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումների։ Նաեւ՝ էջմիածնեցի հեղինակների նկարների ցուցահանդես ներկայացրեցինք այնտեղ։ Էջմիածնի պատվիրակությունը «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդես ներկայացրեց նաեւ Վրաստանի մայրաքաղաքում։ Փոխայցեր եղան վրացական Մցխեթա քաղաքի հետ, որոնց արդյունքում Էջմիածնում գործակցության հուշագիր կնքվեց հայ եւ վրացի ժողովուրդների հոգեւոր կենտրոններ համարվող քաղաքների միջեւ։ Էջմիածնի Չարենց թաղամասում չեխական Լիդիցե գյուղաքաղաքի անունով փողոցի անվանակոչմանը մասնակցեցին Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաուրալեկը եւ ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։

 

 

ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ



Հաշվետու տարվա ընթացքում, աշխատանքային համագործակցությամբ, հստակորեն աշխատել են քաղաքապետարանի բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները։ Որպեսզի ներկաների համբերությունը շատ չչարաշահեմ, թռուցիկ թվարկեմ եւս մի քանի կարեւոր արդյունք, որ ստացվել է քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ։

 


Քաղաքապետարանի աշխատակիցներին եւ սոցիալապես անապահով էջմիածնեցիներին քաղաքապետարանի մասնագետները ցուցաբերել են անվճար իրավաբանական աջակցություն, խորհրդատվություն։

 

 

Զավթած հողամասերի ու բնակելի նշանակության ինքնակամ շինությունների անհատույց օրինականացման124 որոշում ենք կայացրել։ Եվս 19 քաղաքացու հնարավորություն ենք տվել օրինականացնել ինքնակամ շինությունները։ Հատկացվել է թվով 51 շինթույլտվություն։
Շարունակում ենք կատարելագործել քաղաքապետարանի ejmiatsin.am պաշտոնական կայքը։ Կայքն արդեն լիարժեք գործում է երեք լեզվով։ Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն, որ կայքի, նաեւ՝ ֆեյսբուքյան էջի միջոցով հստակ աշխատում է էջմիածնեցու հետ հետադարձ կապը։ Ի դեպ, կապն աշխատում է տարբեր խողովակներով։ Էջմիածնի քաղաքապետարանի թեժ գիծը՝ 5-27-27 հեռախոսահամարով, հասանելի է գիշեր, թե ցերեկ։ Մշտապես պատրաստակամ ենք մեր ռեսուրսները, հնարավորություններն օգտագործել ամբողջ քաղաքի խնդիրների լուծման համար։ Մեր լրատվության բաժինն, օրինակ, սիրահոժար լուսաբանում եւ մարզային, անգամ՝ Հանրապետական լրատվամիջոցներով հրապարակումներ է երաշխավորում նաեւ Էջմիածնի հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ձեռնարկների, գործունեության վերաբերյալ։

 

 

Հաշվետու տարվա ընթացքում շարունակել ենք նաեւ քաղաքապետարանի աշխատակազմը համալրել առավել արհեստավարժ կադրերով, շարունակաբար ջանքեր ենք թափել աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ։

 

 

ՎԵՐՋԱԲԱՆ



Ամփոփելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, որ ներկայացրի թվերի լեզվով, գոհունակությամբ արձանագրեմ, որ քաղաքապետարանի գործունեությունը դրական գնահատականի է արժանացել նաեւ պետական, հասարակական տարբեր կառույցների կողմից։ Մասնագիտական հանձնաժոովների որոշումներով եւ համաժողովրդական հարցումների միջոցով 2015-ին նույնպես մեր քաղաքը կարեւոր տիտղոսների է արժանացել։ Նախկինում ստացած «Լավագույն քաղաքային համայնք», «Լավագույն քաղաքապետ», «Լավագույն համայնքային, հասարակական գործիչ», «Ամենականաչապատ համայնք» տիտղոսների կողքին 2015-ին Էջմիածինը Համայնքների միության կողմից ճանաչվեց «Լավագույն մշակութային համայնք», իսկ ձեր խոնարհ ծառան արժանացավ հատուկ մրցանակի՝ տեղական ինքնկառավարման համակարգի կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, նաեւ՝ Լավագույն քաղաքապետի տիտղոսին՝ մի քանի լրատվամիջոցների անցկացրած հրապարակային հարցումների տվյալներով։ Դա եւս ես համարում եմ գնահատական քաղաքապետարանի կոլեկտիվ աշխատանքին եւ ընդհանրական՝ մեր քաղաքին։

 

 

Ինձ համար, քաղաքապետարանի աշխատակազմի եւ համայնքային ավագանու համար անչափ կարեւոր է լայն զանգվածների մասնակցությունը բոլոր ծրագրերին։ Ես կոչ եմ անում բոլոր էջմիածնեցիներին հնարավոր բոլոր միջոցներով անընդմեջ կապի մեջ լինել քաղաքապետարանի մասնագետների, ծառայությունների հետ, տեղեկանալ կազմակերպվելիք միջոցառումների մանրամասներին, ճշտել, թե յուրաքանչյուրդ ինչ կերպ կարող եք ընդգրկված լինել ծրագրերում, ինչու չէ՝ ներկայացնել նաեւ սեփական առաջարկներ։ Արժեքավոր առաջարկները հաստատ չեն անտեսվի մեր կողմից։

 

 

Եզրափակելով խոսքս՝ ես բեղմնավոր, հաջողություններով լի աշխատանքային տարի եմ մաղթում ամենքիս։ Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է Էջմիածնին, էջմիածնեցուն ծառայելու համար։ Այդ նպատակով շարունակելու ենք սերտորեն գործակցել Հանրապետության իշխանությունների եւ Մայր աթոռի հետ։ Շարունակելու նք սերտորեն համագործակցել Էջմիածնի բնակչության հետ։ Միայն համագործակցությունն է, որ ցանկալի արդյունք է ապահովում։ Թերեւս, այստեղ ներկաներից յուրաքանչյուրը կարող է վկայել, որ քաղաքապետի պաշտոնում իմ պաշտոնավարման ամեն մի տարին հետեւողականորեն նվիրված է եղել մեր քաղաքի գեղեցկացմանը, մեր քաղաքի համբավի բարձրացմանը, Էջմիածինը կատարելագործելուն, ավելի լավը դարձնելուն։

 

 

Շնորհակալություն ուշադրության համար։ Ի գործ եւ առա՛ջ, դեպի մեր երազանքների Էջմիածին»: