2016 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում աշխատող լրագրողների խմբին անվանել էր «նախիր», իսկ այն լրագրողին, ով լսել էր պատգամավորի խոսքերը' հայհոյել, ինչը լրագրողը չի լսել, սակայն արձանագրել են տեսախցիկները:

 

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է պատգամավորի նման վարքագիծը խորհրդարանում աշխատող լրագրողների և առհասարակ լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ, անընդունելի է նաև պատկան մարմինների լռությունը:

 


«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կրկին ականատես է լինում լրագրողների իրավունքների ոտնահարման, վիրավորանքի ու անգամ հայհոյանքի պատգամավորի կողմից, ինչին յուրաքանչուր ազատ մամուլ ունեցող երկրի իշխանություն արդեն արձագանքել էր և տվել համարժեք պատասխան: «Լրագրողների միավորում» ՀԿ-ն պահանջում է Մհեր Սեդրակյանից ներողություն խնդրել լրագրողներից հայհոյանքի և վիրավորանքի համար: Անպատժելության մթնոլորտի վերացման, լրագրողի անձի նկատմամբ հարգանք ու արժանապատիվ վերաբերմունքը վերականգնելու համար «Լրագրողների միավորում» ՀԿ-ն դիմելու է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության ղեկավարին ու այլ պատկան մարմինների: Բացի այդ, «Լրագրողների միավորում» ՀԿ-ն կոչ է անում լրագրողական կազմակերպություններին, խմբագիրներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատապարտել Մհեր Սեդրակյանի վարքագիծն ու հրապարակային ներողություն պահանջել պատգամավորից, հետագայում լրագրողի անձի նկատմամբ նմանատիպ որակավորումներն ու վիրավորանքերը կանխելու համար:

 

ՀԿ-ը կոչ է անում նաեւ ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին նկատողություն հայտարարել Մհեր Սեդրակյանին, հատկապես, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է դաշտում հստակություն մտցնելու մասին.«Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Լրագրողների միավորում ՀԿ-ն կոչով դիմում է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ հորդորելով հրապարակավ կարգի հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին և ներողություն խնդրել լրագրողներից, որովհետև նման արարքների նկատմամբ աչք փակելն արժեզրկում է Ազգային ժողովի դերն ու նպատակը, խոսում մամուլի ներկայացուցիչների անպաշտպանվածության և քաղաքական գործիչների անսահմանափակ ազատության, իշխանության կողմից անպատժելիության մթնոլորտի խրախուսման և այլ արատավոր երևույթների մասին:
Հայտարարությունը բաց է, այլ կազմակերպություններ ևս կարող են միանալ պահանջին:

 


«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն