Լրագրողներն ընդդեմ Մհեր Սեդրակյանի բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային Ժողովի դիմաց. Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
«Փետրվարի 23-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի դարպասների մոտ հրավիրում ենք լրագրողների, խմբագիրների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների, իրավապաշտպանների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու լրագրողների բողոքի ակցիային, որը նպատակ ունի դատապարտել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ազգային ժողովում Մհեր Սեդրակյանը, տեսնելով լրագողների հոսքը, ասել էր՝ «Էս ի՞նչ նախիր ա»: Լրագրողներից մեկը հորդորել էր չվիրավորել իրենց, նման պիտակներով չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն պատգամավորը զայրացել էր և անգամ հայհոյել լրագրողներին:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը և որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ նաև կոչ ենք անելու Գալուստ Սահակյանին պատժել մեզ նախիր անվանող և հայհոյող պատգամավորին»: