Այս պահին, չնայած եղանակային վատ պայմաններին, Կառավարության շենքի դիմաց են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, բժիշկներ՝ ի աջակցություն իրենց գործընկեր Բժշկական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ թույլ չտալու, որ վերջինիս որդու՝ 19 տարեկանում սպանված Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրվող Մհեր Ենոքյանին ներում շնորհվի։

Բժիշկների բողոքին է միացել նաև ԵՊԲՀ ռեկտոր, բժիշկ Արմեն Մուրադյանը: Ըստ տեղեկությունների՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համակուրսեցուն դաժանաբար սպանելու մեղադրանքով ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին:

Մհեր Ենոքյանի շուրջ այսօր մեծ աղմուկ է բարձրացել։ Հանրությունը քննարկում է 23 տարի առաջ տեղի ունեցած սպանությունն ու համացանցում տարածում գտած սահմռկեցուցիչ տեսանյութը։ Հանցագործությունից տարիներ անց մեղադրյալը հերքում է  իր առնչությունը սպանությանը, որի հետ պայքարի մեջ է մտել տարիներ շարունակ նրա գործը լուսաբանող և 1 տարի առաջ նրա կինը դարձած լրագրող Զարուհի Մեջլումյանը, իսկ սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքը պահանջում է չներել Ենոքյանին՝ պնդելով, որ վերջինս է սպանել իրենց զավակին։

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Աղաջանովների ընտանիքին։ Այս մասին գրառում էր կատարել Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան՝ պարզաբանելով, որ  վերջինս գնացել է այս դժվարին պահին իր դասախոսին տեսնելու։ 

Նշենք, որ ներման հանձնաժողովում ընդգրկված են արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը,  Առողջապահության նախարարի տեղակալ Ս․ Խաչատրյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ա. Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Նա 2 անգամ դիմել է փախուստի ու բռնվելով՝ կրկին դատապարտվել։ Կալանավայրում Ենոքյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, գրել է գրքեր:

Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:

Սոնա Հարությունյան