Չինաստանի դեսպանատան դիմաց հավաքված կենդանասերները պահանջում են դադարեցնել Չինաստանում անցկացվող շուն ուտելու փառատոնը։

 

 

 

«Այս պահին Չինաստանի Յուլին քաղաքում անցկացվում է շուն ուտելու փառատոն։ Մենք Չինաստանի կառավարությանը դեմ չենք, ուղղակի այս ակցիայով ուզում ենք հորդորել իրենց դադարեցնել այդ դաժան փառատոնը, որի ժամանակ 100 հազարավոր շների են բռնում, սպանում ու ուտում։ Չինաստանում շատերը դեմ են դրան, այնտեղ ևս բողոքի ակցիաներ են տեղի ունենում, սակայն կառավարությունը չի կարողանում դրա դեմն առնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը։ 

Նա նշեց, որ պատրաստվում են նամակ և իրենց ձեռքի պաստառները փոխանցել Հայաստանում Չինաստանի դեսպանին, որպեսզի նա տեղեկանա, որ Հայաստանում ևս դեմ են շուն ուտելու փառատոնին։ 

Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2009թ․-ից, տևում է 10 օր, որի ժամանակ սպանում են 1000-ավոր կենդանիների, որոնցից շատերը գողացված են լինում իրական տերերից։ 

Սոնա Հարությունյան