23:18
«Բացահայտե՛լ սպանությունը». բողոքի ակցիա՝ դատախազության շենքի դիմաց (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 12-ին, Գլխավոր դատախազության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուզաննա Ադանալյանի։ Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ նշել էր, որ որդու սպանությունը պատվիրված, ի սկզբանե պլանավորված է եղել և սպանության գործի արդարացի քննությունը խախտում է Շիրակի մարզի  դատախազությունը: 

Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին՝ «Ռուզաննա Ադանալյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում», «Բացահայտել Ռուզաննա Ադանալյանի որդու սպանությունը», «Դատախազությունը կոծկում է հանցագործությունը» և այլ գրություններով պաստառներ:

Ռուզաննա Ադանալյանը համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով. «Սպանության պատվիրատուն Շիրակի մարզի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է: Այդ կնոջ հետ ունեցել և մինչև հիմա էլ ունենք թշնամական հարաբերություններ: Խնդիրներ ենք ունեցել քաղաքացիաիրավական դաշտում: Գործում առկա է դատաքիմիական փորձաքննության եզրակացություն, ըստ որի, շտապօգնության աշխատակիցների՝ որդուս ներարկած «ատրոպին» դեղամիջոցի սրվակից հայտնաբերվել է թույն»,- նշում է՝ ընդգծելով, որ այս բացահայտ փաստն անտեսվում է:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականին ծնված Արտյոմ Ավետիքի Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությունից անցել են տարիներ։ Գործը մինչ օրս բացահայտված չէ և ըստ մեղադրող կողմի՝ նախաքննական մարմինը գործը պարտակել է, սպանության մեղավորները լքել են Հայաստանը։

Տեսանյութը՝ news.am-ի 

 
 
Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս