Այն, որ այս տնտեսական տարին ամենևին էլհեշտերից չի լինելու մեր երկրի համար, խոսվում էր դեռ 2015-ից: Նման հոռետեսական գնահատականների առիթ տալիս էին ինչպես Հայաստանից դուրս տեղի ունեցող գործընթացները, այնպես էլ բուն երկրում ծավալվող ինչ-ինչ իրադարձություններ, որոնց խորքային վերլուծությունը ստիպում էր անկախ փորձագետներին մեծ ակնկալիքներ չունենալ 2016 տնտեսական տարվանից: Չնայած այս ամենին, սակայն, որոշ տնտեսագետներ (հատկապես իշխանությունների կողմից անթաքույց հովանավորվող) չեն դադարում շեշտել, որ 2015-ն այնքան էլ անբարենպաստ չէր մեր երկրի տնտեսության համար. գրանցել ենք 3% տնտեսական աճ: Թե հատկապես ի՞նչ թիվ է սա, այդպես էլ մնում է չբացահայտված՝ չնայած այն բանին, որ ոմանք պնդում են, թե սա իրականում հանքարդյունաբերության ոլորտում ունեցած որոշակի աճի հիման վրա գրանցված ձեռքբերում է. 2015-ին, հուրախություն բոլորիս, հաջողվեց ոլորտում գրանցել 50%-60% աճ: Սակայն եթե նույնիսկ դա այդպես է, ապա միևնույն է՝ այն մեզ չի կարող մխիթարել, քանի որ ողջ տնտեսությունում գրանցել աճ՝ բացառապես մեկ ոլորտի հաշվին, կնշանակի ունենալ ի սկզբանեդատապարտված տնտեսական համակարգ:


Անկախ այն բանից, թե ով ինչպես է մտածում, իշխանամետ է, թե ընդդիմադիր, բոլորը համակարծիք են մեկ բանում. 2016-ին տնտեսական իրական աճ ունենալու համար մեզանից պահանջվելու են տիտանական ջանքեր ու իսկական անձնազոհություն: Ակնհայտ է, որ տնտեսական աճի համար անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նախևառաջ ունենա միկրոտնտեսական կայուն միջավայր, ինչը Հայաստանում գործնականում բացակայում է. միայն 2015-ին մի շարք բրենդեր ստիպված եղան կա՛մ, առհասարակ, դադարեցնել իրենց գործունությունը ՀՀ տարածքում, կա՛մ կլանվել այլ ընկերությունների կողմից:

 

Հասկանալի է, որ նման պարագայում ակնկալել լուրջ ներդրումներ ՀՀ-ում, ոչ ոք չի կարող, քանի որ ցանկացած պոտենցիալ ներդնող կարևորում է տվյալ երկրի տնտեսական դաշտի, միջավայրի կայունությունը, այսպես ասած՝ հանդարտությունը՝ զերծ անակնկալ զարգացումներից. այս առումով, ցավոք, մենք նրանց ոչինչ չունենք առաջարկելու: Դե իսկ հիմա այս ամենին գումարեք Հայաստանի՝ գրեթե օրեցօր աճող արտաքին պարտքի բեռը, որպեսզի հասկանաք, որ բարձրագոչ խոստումները՝տնտեսական աճի հետ կապված, պարզապես դատարկ խոսքեր են. շաբաթ չկա, որ պարտք չվերցնենք: Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս ենք կարողանալու սպասարկել այդ պարտքը ու դրան գումարած էլ տնտեսական աճ ունենալ… Որոշ մասնագետներ էլ այս ամենին գումարում են մեր երկրից ապօրինի ֆինանսական արտահոսքերի խնդիրը, որը զգալի գումար է կազմում՝ մոտ 2 մլրդ դոլար:


Դե ինչ, կարծում ենք բոլորիդ համար պարզ է, որ 2016-ից առանձնակի սպասելիքներ չարժե ունենալ, ավելին՝ կարելի է ձեռքբերում համարել անգամ այն, եթե մեզ հաջողվի պահպանել գոնե 0-ական տեղաշարժ տնտեսության մեջ, քանի որ հուսալ, թե այս անգամ էլ հանքարդյունաբերությունը կարող է իրավիճակ փրկել, ոչ մի կերպ չենք կարող. պղնձի գներն այդպես էլ չեն կարգավորվում, ինչն էլ, այսպես թե այնպես, արտացոլվելու է ՀՀ տնտեսության վրա՝ բացասական միտումով:

 

Դավիթ Բաբանով