Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանային ծառայության զորամասերից մեկում ոչ մարտական իրադրությունում սպանվել է զինվոր Սանան Մեհթիզադեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, facebook-ի իր էջում գրառել է նրա եղբայրը՝ Քյանան Մեհթիզադեն:
Եղբոր խոսքով՝ Սանանը մարտական պահակակետում գնդակահարվել է իր ծառայակցի կողմից, որը նրա վրա 17 գնդակ է արձակել:
Սանան Մեհթիզադեն զինծառայության էր կանչվել 2015 թվականի հունվարին:
Իր հերթին, Ադրբեջանի սահմանային ծառայության մամուլի ծառայությունից «Թուրանին» հայտնել են, որ այդ առնչությամբ տեղեկատվություն չունեն:
Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջև հակամարտության հողի վրա:
Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաև ոչ պաշտոնական աղբյուրների և սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 8 զոհ, 2 վիրավոր:
Ադրբեջանը ՊՆ-ը պաշտոնապես խոսոտովանել է 5 զինծառայողների մահը:
«Ազադլըգ» թերթի տվյալներով՝ Ադրբեջանի և ԼՂՀ միջև հրադադարի ժամանակաշրջանում ադրբեջանական զինված ուժերը 3 հազարից ավելի զինծառայողներ են կորցրել: