Ադրբեջանի զինված ուժերի Թովուզի զորամասերից մեկում հրամանատարի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 27-ին գնդակահարված 19-ամյա զինվոր Չինգիզ Թարվերդիեւը, որը գլխից ստացած վնասվածքի պատճառով մինչ այժմ գտնվում էր կոմայի մեջ, սկսել է խոսել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զինվորի հայրը' Այդըն Թարվերդիեւը հիվանդանոցում նկարահանված տեսանյութ է փոխանցել»Ազադլիգ»-ին, որտեղ որդին պատմել է միջադեպի իսկությունը:
Թ. Թարվերդիեւի խոսքով' իր վրա կրակել է վաշտի հրամանատարը:
«Նա ինձ հայհոյեց, ես էլ պատասխանեցի: Երբ շրջվեցի, որ հեռանամ, հետեւիցս ատրճանակով երեք անգամ կրակեց: Գնդակներից մեկը դիպավ գլխիս», -պատմել է զինվորը:
Տեսանյութում երեւում է, որ գնդակը դիպել է Չ.Թարվերդիեւի գլխի հետեւի մասին: Ա. Թարվերդիեւը հայտնել է, որ տեսանյութը, որը նկարահանել է ինքը' որդու կոմայից դուրս գալուս հետո, ներկայացրել է ռազմական դատախազություն:
Այս տարվա փետրվարին «Ազադլըգ»-ը հրապարակել էր Իլհամ Ալիեւին ուղղված Ա. Թարվերդիեւի նամակը, որում վերջինս հայտնել էր, որ չնայած որդու ծայրահեղ ծանր վիճակին, բժիշկները նրա կյանքը փրկելու միջոցներ չեն ձեռնարկում: «Փորձում են միջադեպը կոծկել, քանի որ այն տեղի է ունեցել անձնական հակամարտության հողի վրա: Հենց այդ պատճառով ոչ ոք չի հետաքրքրվում վիրավորի վիճակով: Ռազմական դատախազություն եւ պաշտպանության նախարարություն մեր բոլոր դիմումներն արդյունք չեն տալիս: Մեզ ուղղակի չեն ցանկանում լսել»,-նշել էր նա:
Ադրբեջանի ռազմական հանրապետական դատախազության կողմից ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն' Չինգիզ Թարվերդիեւն, իբր, իրեն ամրակցված ավտոմատ զենքով ինքն է կրակել իր վրա. ավտոմատն ուղղել է ճակատին, կրակել, գնդակներից մեկը դիպել է գլխի շրջանին: Ադրբեջանի հանրապետական ռազմական դատախազությունը հայտնել էր, որ փաստի առնչությամբ Ղազախի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել:
Ինչպես երեւում է, Ադրբեջանի ուժային կառույցներին այլեւս չի հաջողվում շարունակել կատարել Իլհամ Ալիեւի հանձնարարությունը բանակում տեղի ունեցող նեգատիվ երեւույթները, սպանություններն ու զոհերը հանրությունից թաքցնելու վերաբերյալ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի Ռազմական դատախազությանը, այսօր հայտնել են, որ ձերբակալվել է մարտի 7-ին Մռավի զորամասերից մեկում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Անար Գյունաշ օղլու Բայրամովին ավտոմատ զենքից դիտավորությամբ սպանած ավագ սերժանտ Թուրալ Գյուլմիրզա օղլու Բեյվերդիեւը: Ադրբեջանի ՊՆ-ն փորձել էր հանրությունից թաքցնել սեփական բանակում տեղի ունեցած այս սպանությունը եւս:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 11 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 8-ը սպանվել են մարտական պայմաններում:
Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 44 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր:-