«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշում են ընդունել փոփոխել ընտրության կանոնները և առաջին անգամ 2021 թվականի մրցույթին մասնակցության թույլտվություն տալ այն ֆիլմերին, որոնք ցուցադրվել են միայն առցանց, այլ ոչ թե կինոթատրոններում, հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում։ Նշվում է, որ տվյալ կանոնը կգործի միայն այնքան ժամանակ, քանի դեռ կինոթատրոնները չեն բացվել։
«Ֆիլմը պետք է համապատասխանի ընտրության մնացած բոլոր պահանջներին»,- նշել են կազմակերպիչները։
Նշվում է նաև, որ COVID-19-ի պատճառով Լոս-Անջելեսի և Կալիֆորնիայի կինոթատրոնները փակ են եղել մարտի 16-ից։ Ընդ որում, տվյալ շրջանների կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրությունը «Օսկարին» մասնակցելու համար պարտադիր պայմաններից մեկն է։