Անշո՛ւշտ, վերջին օրերի հայաստանյան լրատվական դաշտի թիվ մեկ թեման սփյուռքահայ ակտիվիստ Վարդգես Գասպարիի շուրջ տեղի ունեցող դեպքերն են, ինչպես նաև նրա պատմած դրվագների վերաբերյալ այսօր Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը: Հիշեցնենք, որ նրան օրերս կալանավորել էին և ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ այնտեղ կրելու իր պատիժը: Հուրախություն բոլորիս՝ նրան արդեն բաց են թողել, և Գասպարին ներկայումս վայելում է ազատության բերկրանքը: Սակայն որքան էլ տարօրինակ հնչի, Գասպարիի կալանքն այնքան մեծ ռեզոնանս չառաջացրեց հայ հասարակության շրջանում, որքան նրա կալանքից ազատումը. նախկին կալանավորն իր կողմից տված հարցազրույցներում արդեն իսկ հասցրել էպատմել այն ողջ ճշմարտությունը, քողազերծել այն դաժանագույն իրականությունը, որ տիրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
«Ժամանակ» օրաթերթի և www.1in.am կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով ևս ժամանակին «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Դատապարտյալների հիվանդոց» ՔԿՀ-ներում պատիժ է կրել, այսօր իր՝ «Երիտասարդ սրիկաների ժամանակը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կալանավայրերում տիրող իրավիճակին՝ սեփական փորձից ելնելով: Մասնավորապես նա գրել է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և նրա ենթակա Արթուր Օսիկյանին հորդորում եմ ուղղակի սսկվել, պարզապես չփորձել հերքել անհերքելին, որովհետև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում՝ սկսած շրջանառվող փողերից մինչև թմրամիջոցներ մշտապես, վստահ եմ՝ նաև այժմ, կատարվում են արդարադատության նախարարի և Քրեակատարողական հիմնարկների վարչության պետերի ուղղակի իմացությամբ, եթե ոչ անմիջական մասնակցությամբ։
Հայաստանի կալանավայրերում մարդը արժեք չէ, հումք է, նյութական հարստության միջոց, տարատեսակ բարդույթներից ժամանակավոր ազատագրման հանգրվան, ինքնահաստատման օբյեկտ, ամեն ինչ է, բայց ոչ՝ արժեք»: Բաբաջանյանի կարծիքով Արփինե Հովհաննիսյանի և Օսիկյանի նշանակումը հույսեր է արթնացրել փոփոխությունների և դրական ակնկալիքների առումով, որոնք, սակայն, հօդս ցնդեցին։ «Պարզվում է՝ երիտասարդ կերպարները, նրանց արտասահմանյան դիպլոմները շղարշ են իշխանական համակարգի համար, և երբ դրվում են ավանդական խնդիրներ, այդ դիպլոմները վերածվում են ընդամենը թղթերի, իսկ դրանց կրող խոստումնալից երիտասարդ, նորորակ կադրերը՝ սովորական կամակատարների: Ընդ որում՝ այս դեպքում արդեն նրանց արածի ծանրությունն ավելի մեծ է, քանի որ օդիոզ կերպարները այդ տեսանկյունից գոնե չեն թաքնվում բարեկրթության շղարշի, նոր մտածողության և նոր մշակույթի քողի տակ»,– գրել է նա:
Թե իրականում ինչպիսի բարքեր են տիրում մեր կալանավայրերում, կարծում ենք, տեղյակ են շատերը: Մեր իրականության մեջ հայաստանյան քրեակատարողական հիմնարկները վաղուց վերածվել են վայրերի, ուր մարդկանց ոչ թե շտկում են, այլ փչացնում՝ բառի ամենալայն իմաստով: Սակայն արի ու տես, որ մեր որոշ պատասխանատու չինովնիկներ, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են համակարգում տիրող խայտառակ իրավիճակի համար, և որոնք ի սկզբանե պարտավոր էին այս ամենին վերջ տալ՝ կիրառելով օրենքով սահմանված ողջ գործիքակազմը, այժմ փաստացի զբաղված են արդարանալով, թե իբր Գասպարին, նպատակ ունենալով վարկաբեկել պետաիրավական ողջ համակարգը, հեքիաթներ է հորինում ու դրանք հասարակությանը մատուցում՝ իրականության տեղ...
Հեգնանքը՝ հեգնանք, բայց որ խնդիրն այս համակարգային է, անվիճելի ճշմարտություն է. մեր արդարադատության համակարգը ներկայումս անզոր է համեմատվել անգամ խորհրդայինի հետ, ուր մնաց թե՝ եվրոպականի: Փաստ է՝ ով էլ ղեկավարի համապատասխան գերատեսչությունը, ով էլ հանձն առնի կրել պատասխանատվություն, միևնույն է, կյանքը ցույց է տվել՝ առանց կամքի դրսևորման չի կարողանալու ոչինչ փոխել համակարգում. մեկ ծաղկով գարուն չի գա, որքան էլ այդ ծաղիկը դյութիչ լինի…