Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Ռուսաստանի Դաշնությանը Վորկուտայի «Սևեռնայա» հանքահորում տեղի ունեցած երկրորդ պայթյունի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Խորապես վշտացած ենք հանքահորի պայթյունի հետևանքով մի շարք մարդկանց զոհվելու և որոշների՝ դեռևս փլատակների տակ մնալու լուրերի առնչությամբ: Ռուս ժողովրդին և մասնավորապես զոհվածների հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունները, իսկ վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում: Հուսով ենք, որ հանքահորի փլատակների տակ մնացած հանքափորները և նրանց այդտեղից դուրս բերելու համար աշխատող փրկարարները հնարավորինս շուտ ապահով վայրում կլինեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Վորկուտայի «Սևեռնայա» հանքահորում փետրվարի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հանքահորը փլվել է ու փլատակների տակ հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 6 մարդ: Փրկարարական աշխատանքների ժամանակ ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Առաջին պայթյունի ժամանակ հանքահորում եղել է 110 մարդ, 80-ին հաջողվել է դուրս բերել, 26-ի ճակատագիրն անհայտ է: