Թուրքիայի և Ռուսաստանի միջև դիմակայությունը շարունակում է մեծանալ: Այն նույնիսկ հասել է Թուրքիայի խորհրդարան:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքական խորհրդարանում ստեղծված միջխորհրդարանական բարեկամական խմբերի շարքում Ռուսաստանն ընդգրկված չէ:

 

 

Ռուսաստանից բացի, բարեկամական խմբեր չեն ստեղծվել նաև Սիրիայի, Իսրայելի և Եգիպտոսի հետ: Թուրքական խորհրդարանում ստեղծված բարեկամական խմբերի երկրների մեջ կա նաև Պաղեստինի ինքնավարությունը:

 

 

ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները խիստ լարվել են, երբ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել էր ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Թուրքիայի ղեկավարության կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու բոլոր ձեռնարկումները Մոսկվայի կողմից անպատասխան են մնում: