Քրդական դիմադրության հենակետը՝ Սիրիայի Այն էլ Արաբ քաղաքը, որը քրդերենով Քոբանի է կոչվում և որն ազատագրվել է ԻԼԻՊ խմբավորման գրոհայիններից, ներկայումս ավերակների մեջ է: Նրա հարևանությամբ թուրքական բանակը մի քանի խոշոր ռազմական միավորում է ձևավորել: Թուրքական բանակի դիրքերը նման չեն սովորական անցակետի:

 

Ինչպես հայտնել են РЕН ТВ-ի լրագրողները, այնտեղ կա 6-7 տանկ և մի քանի ինքնագնաց հրետանային կայանք: Հեռուստաալիքի թղթակիցները առաջինն են հայտնվել այդ տարածքում, որտեղ հստակ տեսանելի են նախապատրաստված կրակակետերը:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում սահմանի վրա նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում. հրետանի, զրահապատ մեքենաներ և տանկեր: Զինամթերքի շուրջօրյա առաքում: Զարմանալի չէ, որ Թուրքիան այդքան անհանգստանում էր և փետրվարի սկզբին՝ «Բաց երկինք» միջազգային ծրագրի շրջանակներում արգելել է ռուս դիտորդներին իրենց սահմանի վրա թռիչք իրականացնել:

 

Տեղացի բնակիչները բացեիբաց ասում են՝ Թուրքիան և ԻԼԻՊ-ը ընկերներ են: Որպես այս բարեկամության ապացույց՝ լրագրողները ցույց են տալիս ռազմական հանցագործության հետքերը՝ սահմանի վրա խաղաղ քաղաքացիների այրված ավտոմեքենաները:

 

«Մարդիկ դեպի սահման էին գնում 30 ավտոմեքենայով, երբ թուրք զինվորականները և ԴԱԻՇ-ը կրակել են ավտոշարասյան վրա, ավտոմեքենաների մեծ մասը հրդեհվել է: Երբ Քոբանի են ներխուժել ահաբեկիչները՝ խաղաղ քաղաքացիները փորձել են պաշտպանություն փնտրել Թուրքիայի մոտ: Սակայն նրանց ավտոմեքենաները գնդակոծվել են: Ինչպես ասում են քրդերը, կրակում էին ինչպես թուրքերը, այնպես էլ գրոհայինները: Անմիջապես Սիրիայի սահմանի մոտ Թուրքիան ունի տանկային ու մեխանիզացված բրիգադներ: Դրանք այն ուժերն են, որոնք կարող են ակնթարթորեն Սիրիայի տարածք տեղափոխվել: Տեղացիները՝ հիմնականում քրդերը, դժկամությամբ են խոսում դրա մասին լրագրողների հետ: «Դուք կհեռանաք, իսկ գիշերը զինվորականները կարող են ինչ-որ բան անել մեզ հետ»,- ասել են տեղացի բնակիչները: