Քաղաքացի Նշան Ա.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես, Նշան Ա.-ն հայտնել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է հայցադիմում' ընդդեմ Արթուր Մ.-ի ու Վրեժ Դ.-ի «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Քաղաքացիական գործի քննության ընթացքում դատարանի կողմից որպես հայցի ապահովման միջոց որոշում է կայացվել Վրեժ Դ.-ի անվամբ հաշվառված նշված ավտոմեքենայի վրա արգելանք դնելու մասին' արգելելով դրա օտարումն ու շահագործումը:

 

 

Այնուհետև ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի որոշմամբ' արգելք է դրվել հիշյալ ավտոմեքենայի վրա: Հետագայում, առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության, նույն հարկադիր կատարողի կողմից վերացվել է հիշյալ ավտոմեքենայի վրա կիրառված արգելանքը, որի արդյունքում ավտոմեքենան շահագործվել է այլ անձանց կողմից:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

 

 

Նախաքննությունը շարունակվում է: