Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը փետրվարի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում պայթյունավտանգ ելույթ է ունեցել: Դեսպանը, լինելով մեր երկրի պաշտոնական խոսափողն այլ երկրում՝ մի շարք «զավեշտալի» արտահայտություններ է արել: Յուրի Վարդանյանը հավանաբար խոսափողը շփոթել է ծանրաձողի հետ և այս անգամ իր ինտելեկտուալ ողջ կարողությունն է ներդրել՝ Ցեղասպանության մասին խոսելիս:

 

«Ես ընդհանրապես «ցեղասպանություն» հասկացողությունն ընդունում եմ շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա: Ցեղասպանությունն ի՞նչ է նշանակում՝ ցեղ վերացնել, ի՞նչ է նշանակում՝ 1.5 միլիոն հայերի գլխատել, սա շատ անընդունելի, շատ անհասկանալի արարք է, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ»:

 

Դեսպանը նաև անմեղ զոհերին որակում է տվել՝ ասելով, որ ամեն տարի ապրիլի 24-ին մեր հայրենակիցները գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դնում «այսպես ասած՝ անմեղ զոհերի հիշատակին»: Մինչ ողջ հայությունը փորձում է բոլոր հնարավոր ճանապարհներով հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պարոն դեսպանը կասկածի տակ է դնում 100 տարի առաջ կատարված ոճրագործությունը: 

 

Ելույթը լսելուց հետո առաջին քայլը եղավ այն, որ ՀՀ ԱԳՆ-ից պաշտոնական տեսակետի ակնկալիքովԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց խոսնակի՝ Տիգրան Բալայանի հետ: 

 

Խոսնակը, հավանաբար, հասկանալով դեսպանի խոսքերի ամբողջ անհեթեթությունը և անգամ չսպասելով մեր հարցին՝ նետեց. «Եթե Յուրի Վարդանյանի ասածների հետ է կապված՝ մեկնաբանություն չկա»: 


- Ինչո՞ւ:


- Իր իրավունքն է:


- Այսինքն՝ մեր դեսպանի իրավո՞ւնքն է նման տեսակետ հայտնելը:


- Մի հատ ձեր տոնայնությունը՝ հարց տալու, խնդրում եմ, փոխեք, մունաթ գալով, իմ իրավունքն է՝ ինչ-որ բան մեկնաբանել կամ չմեկնաբանել: Կոնկրետ Ձեր տված հարցը չեմ մեկնաբանում:

 

Ինչ խոսք, Բալայանն ի ցույց դրեց նաև իր հոգու ողջ բարությունը՝ մտածելով իմ՝ նյութ տալ կամ չգրելու մասին և ուղղություն տվեց. «Եթե անպայման այդ թեմայով նյութ պետք է գրեք, կարող եք ասել՝ ԱԳՆ խոսնակը հրաժարվեց մեկնաբանելուց»:

 

Դեսպանի՝ նման «զավեշտալի» հայտարարությունից հետո ԱԳՆ-ն առնվազն պետք է լավաշի երկարությամբ պարզաբանումներ ներկայացներ, հայ ժողովրդից և Ցեղասպանությունը վերապրածներից ներողություն հայցեր և անհապաղ ետ կանչեր իր դեսպանին, բայց ոչ: Խոսնակն այնպես է ջղաձգվում կարծես՝ լրագրողներն են մեղավոր, որ ում համար Հայաստանում պաշտոն «չի կպնում» դեսպան են ուղարկում:

 

Ընդհանրապես, մենք մեր դեսպանների գործունեության մասին քիչ բաներ ենք լսում, շատ հազվադեպ ու կցկտուր տեղեկություններ ենք ստանում, նույնը նաև ԱԳ նախարարի մասին կարելի է ասել: Պետք է հետևություն անել, որ թե՛ Էդվարդ Նալբանդյանը, թե՛ տարբեր երկրներում աշխարհիկ հաճույքներին լծված դեսպանները Վարդանյանից մի փոքր ավելի խելացի են՝ խուսափում են խոսելուց:

 

Չեն խոսում, երբ նույն Ցեղասպանությունն իրականացրած երկրի կողմից Հայաստանի օդային սահմանն ինքնաթիռ է հատում, չեն խոսում, երբ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևեր են ընդունվում: Գրեթե միշտ են լուռ, իրենք էլ գիտեն՝ ինչու: Չեն խոսում, որ խոսնակները ջղաձգվելու «զավեշտալի» առիթ չունենան... 

 

 

Նելլի Ավետիսյան