«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի, ով մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, գործով նախաքննությունն ավարտվել է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ 15-20 օրից գործը կուղարկվի դատարան և դատական քննության օր կնշանակվի։
«Նախաքննությունն ընթացել է միակողմանի և նպատակ է ունեցել արդարացնել ոստիկանների գործողությունները, որպեսզի ոչ ոք չպատժվի։ Իսկ Գևորգ Սաֆարյանի գործողությունները տեղավորել են ՔՕ 316-ի հանցակազմի մեջ»,- ասաց փաստաբանը։
Տեղեկացնենք, որ նախաքննության շրջանակներում, մեր տեղեկություններով, առերեսումներ են տեղի ունեցել Գևորգ Սաֆարյանի և դեկտեմբերի 31-ի գիշերն Ազատության հրապարակում միջադեպի մասնակից ոստիկանների միջև։
Գևորգ Սաֆարյանի փաստաբանն ավելի վաղ բողոքարկել էր կալանքը երկարացնելու՝ դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ի գիշերը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, քանի որ ակտիվիստը տոնածառի տեսքով շրջում էր փողոցներով։ Այդ ժամանակ 3 անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը: Վերջինս վիճաբանության և բախումների ժամանակ, ըստ հրապարակումների, բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Գևորգ Սաֆարյանն էլ իր հերթին պնդում էր, որ ոստիկանության ծառայողներն են իր նկատմամբ բռնություն կիրառել։