Ռուսաստանի և Թուրքիայի դիմակայությունն ընթանում է ոչ միայն «Սիրիայի երկնքում», այլև տարածվում է դեպի Կովկաս, որտեղ «ռուսական ռազմական նախաձեռնությունների» նոր ալիքը սպառնում է կրկին բռնկել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, հաղորդում է The Washington Times-ի լրագրող Գայ Թեյլորը: Այդ հակամարտությունը, ինչպես նշվում է հոդվածում, «տասնամյակներ շարունակ Մոսկվային Անկարայի դեմ է տրամադրել»:
Այն բանից հետո, երբ դեկտեմբերին Ռուսաստանը Հայաստանի հետ անաղմուկ ստորագրեց ՀՕՊ համաձայնագիրը՝ Մոսկվան Երևանի մոտակայքում գտնվող ռուսաստանյան ռազմաբազայում տեղակայեց 4 հատ ՄԻԳ-29 տեսակի նոր օդանավեր և այլ ռազմատեխնիկա: ՀՕՊ համաձայնագիրը նախապատրաստվել էր մի քանի ամիս, իսկ ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների տեղակայումը Պուտինի համար Թուրքիային և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին նախազգուշացնելու միջոց էր, նշվում է հոդվածում:
«Ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սերտ պատմական կապեր ունի, և այժմ, երբ ռուս-թուրքական հարաբերությունները հասել են «մահացու պիկի», Հայաստանն այդ դիմակայության համատեքստում վերածվել է «ճակատամերձ պետության»,- կարծիք է հայտնում քաղաքագետ Արիել Կոենը:
«Կան մտավախություններ, որ Մոսկվայի այդ քայլերը կրկին կբորբոքեն ազգամիջյան պատերազմները Կովկասում՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը: Այժմ Ռուսաստանը կանխիկացնում է իր ազդեցությունը՝ պահանջելով, որ Հայաստանը տա իր համաձայնությունը Թուրքիայի շեմին Մոսկվայի ռազմական ներկայությունն ավելացնելու որոշմանը»,- գրում է հեղինակը:
«Եթե Հայաստանը մերժմամբ պատասխանի Ռուսաստանին, վերջինս կարող է օգտագործել իր լծակները և Ղարաբաղում թեժացնել սառեցված հակամարտությունը, ինչը ձեռնտու կլինի Ադրբեջանին»,- ենթադրում է փորձագետ Ջասթին Բյորքը:
Մյուսները պնդում են, որ Մոսկվան Հայաստանին փաստացի վերածում է արբանյակ-պետության, որին Պուտինը կարող է շահագործել տարածաշրջանային առաջնորդության համար Թուրքիայի հետ մրցակցությունում: