ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնի կոնֆերանսների կենտրոնում կհյուրընկալի և կանցկացնի մարտի 31-ին մեկնարկող Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովը: Այս մասին «The Washington Times»-ի իր հոդվածում գրում է Ռոբ Սուբհանին (Caspian Group Holdings-ի գործադիր տնօրենը-խմբ.):

 

Մինչ համաշխարհային առաջնորդների համար կարևոր է համաձայնության հասնել այն հարցի շուրջ, թե ինչպես լավագույնս հեռու պահել միջուկային զենքը վտանգավոր պետությունների կամ ահաբեկչական խմբերի ձեռքից, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի ներկայությունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար հազվագյուտ պատմական պահ է՝ առաջատար դեր ստանձնելու Խորհրդային կայսրության փլուզումից հետո մնացած ամենախնդրահարույց հակամարտություներից մեկի լուծման գործում, նշում է հոդվածագիրը:

 

Երկու առաջնորդների՝ Վաշինգթոնում գտնվելու ժամանակ նախագահ Օբաման կարող է բեկումնային դիրքորոշում ստանձնել, ինչը կարող է նոր սկիզբ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ դիվանագիտական նախաձեռնություն վարելով երկու կողմերի համար մշտական ու արդար լուծում գտնելու ուղղությամբ:

 

Ինչպես գրում է հեղինակը, երկու երկրներն էլ կշահեն խաղաղության շահաբաժնից։ Հակամատության՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ դիվանագիտական լուծումը կսանձազերծի աճը հետկոնֆլիկտային միջավայրում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրն անմիջական ազդեցություն կունենա միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։

 

Կարգավորման շրջանակը կարող է ներառվել Հայ-ադրբեջանական հաշտեցման ու վերակառուցման հիմնադրամ, որը ներդրում կանի ենթակառուցվածքային նախագծերում, և Ադրբեջանի ֆինանսներով՝ Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա գազ արտահանող խողովակաշարի ընդլայնումը։

 

Հոդվածագիրը հույս է հայտնում նաև երկու երկրների առաջին տիկինների գլխավորությամբ Միջմշակութային հիմնադրամի ստեղծման մասին, որը կրոնական հանդուրժողականության վերականգնման նպատակ կունենա։

 

«Օբաման պետք է համոզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որ ԱՄՆ-ն նրանց մեջքով չի շրջվի, և աշխատունակ լուծումը կարող է բավարարել երկու ժողովուրդներին՝ թույլ տալով նրանց քաղաքացիներին ապրել խաղաղությամբ և տալ նրանց հնարավորություն՝ վերջապես զարգացնելու վստահություն, լինելու լավ ու փոխգործակցող հարևաններ աշխարհի այդ անհանգիստ տարածաշրջանում»,- նշում է հոդվածագիրը։

 

«ԱՄՆ նախագահը կարող է խաղաղություն նվիրել Հայաստանին ու Ադրբեջանին»,- գրում է հեղինակն ու մեջբերում Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելի խոսքերը. «Խաղաղությունն Աստծո նվերը չէ իր արարածներին, խաղաղությունը մեր նվերն է միմյանց»։