Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման մասին։
Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ ասվում է, որ այսօր Մյունխենի անվտանգության համաժողովում կանցլեր Շոլցը հանդիպել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։
«Այս եռակողմ հանդիպման ժամանակ կանցլերը կոչ է արել շուտափույթ ավարտին հասցնել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունները։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան՝ որտեղ հնարավոր է, ներառյալ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի ջանքերը:
Կանցլերը հայտարարել է, որ երկու կողմերն էլ պետք է լուծեն առկա տարաձայնությունները և չլուծված հարցերը լուծեն միայն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման»,- ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ։