«Հայաստանի հետ սահմանազատման մասին վերջերս հայտարարված համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ»։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը՝ անդրադառնալով այսօր Ադրբեջան կատարած իր այցին։
«Այսօր առավոտյան Ադրբեջանում հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ՝ մտքեր փոխանակելու Հարավային Կովկասում ԵԱՀԿ ջանքերի վերաբերյալ։ Հայաստանի հետ սահմանազատման մասին վերջերս հայտարարված համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Խրախուսել եմ երկու երկրնին պահպանել խաղաղ բանակցությունների թափը՝ ի շահ ժողովրդի», - գրել է Յան Բորգը։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մայիսի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։
Նախօրեին Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: