armnoc.am Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ՀԱՕԿ լրատվությանի հետ զրուցում խոսեց հավաքականի, առաջիկա անելիքների և թիմը համալրելու մասին:

-Պարոն Նազարյան ոչ այդքան վաղ անցյալում Դուք էլ էիք մարզվում այն տղաների հետ, որոնց այժմ մարզում եք: Հարմարվե՞լ եք մարզչի պաշտոնին:

-(Ժպտում է) Մեր հավաքականից մնացել են միայն Դավթյան Հովհաննեսը և ևս մի երկու հոգի, մնացածը երիտասարդներ են: Սերնդափոխություն է եղել: Հարմարվելու խնդիր այնքանով չկա, որ ես էլ եմ իրենց հետ եղել նույն ափսեի մեջ և մարզչական աշխատանքն ինձ դուր է գալիս: Ցանկանում եմ իմ իմացած գիտելիքները փոխանցել երիտասարդներին:

-Հնարավո՞ր է, որ ապագայում Ձեր սաներն ունենաք:

-Այդ մասին դեռ չեմ մտածում: Փոքրերի հետ աշխատելը դժվար է: Միշտ ցանկացել եմ հավաքականի հետ աշխատել և ֆեդերցիան ինձ այդ հնարավորությունը տվեց: Հետագայում, եթե նման ցանկություն լինի, հնարավոր է և մարզեմ:

-Արսեն Խանջյան, Էդուարդ Կուրղինյան, Ստեփան Սարգսյան, Արամ Գրիգորյան: Այս անունները Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ են:

-Ձեր նշած տղաները շատ տաղանդավոր և փորձառու մարզիկներ են, ովքեր ապրում, մարզվում են Ռուսաստանում: Ես նրանց հետ կապի մեջ եմ և առհասարակ փորձում եմ արտերկրի մեր տաղանդավոր ձյուդոյիստներին Հայաստանի հավաքականում ընդգրկել: Դեռևս համաձայնության եկել ենք միայն Ֆերդինանտ Կարապետյանի հետ, իսկ ժամանակի ընթացքում կփորձենք համալրել հավաքականը:

-Ո՞րն է դեռևս համաձայնության չգալու պատճառը:

Առաջին հերթին դա ֆինանսական խնդիրն է: Տղաներին էլ չի կարելի մեղադրել, քանի որ նրանք, Ռուսաստանում չլինելով առաջին համարներ, ստանում են այնքան աշխատավարձ, որն այժմ այստեղ պատկերացնել հնարավոր չէ: Մինչև Օլիմպիական խաղեր ձյուդոյի Հայաստանի հավաքական նոր մարզիկներ չեն հրավիրվի: Նպատակահարմար կլինի, որ հրավիրված ձյուդոյիստները օլիմպիական շրջանն անցնեն: Ֆերդինանտ Կարապետյանը, եթե 1 տարի շուտ համալրեր հավքականը, ապա նրա համար շատ ավելի հեշտ կլիներ ուղեգիր ձեռք բերել, քանի որ շատ ժամանակ կունենար:

-Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները աշխատավարձ ստանո՞ւմ են:

-Ֆեդերացիան աշխատում է այդ ուղղությամբ: Կարապետյան Ֆերդինանտի համար արդեն փորձում ենք այդ նպաստավոր պայմանները ստեղծել, որպեսզի նա չընկճվի և մտածի միայն լավ գոտեմարտելու և մարզվելու մասին: Նա դեռևս երիտասարդ է և վաղվա մեր հույսն է:

-Կարծում եմ՝ Դուք նույնպես բախվել եք նմանատիպ խնդիրների, երբ մարզիկ էիք: Ի՞նչն էր Ձեզ պահում հավաքականում և մոտիվացնում:

-Այո, Հայաստանում ոչինիչ հեշտ չի լինում: Եղել են ժամանակներ, որ մեր երկրից էլ ֆինանսական աջակցություն ստացել եմ, բայց եղել է նաև այնպես, որ չեմ ստացել ոչինչ: Չնայած դրա շարունակել եմ մարզվել, ներկայացնել իմ երկիրը և արդյունքներ գրանցել: Այդ ժամանակ ինձ օգնեց այն, որ ես ակումբային մրցաշարերի էի մասնակցում: Գրեթե 8 տարի մարզվել եմ Գերմանիայում և այդ կերպ վարձատրվել:

-Պարոն Նազարյան, հաշվի առնելով Ձեր այդ փորձը՝ հնարավոր չէ՞ արդյոք Հայաստանի հավաքականից մի քանի մարզիկի նույնպես ուղարկել ակումբներ, որպեսզի այդ ֆինանսական բացը լրանա:

-Ես եվրոպական գրեթե բոլոր ակումբներից ելույթ ունեցել եմ, ճանաչում եմ նրանց գործակալներին և այժմ բանակցություններ ենք վարում, որպեսզի մեր հավաքականից մեկ կամ երկու մարզիկ մեկնեն այնտեղ և ակումբներից նույնպես ելույթներ ունենան:

-Իսկ Ռիոյի Օլիմպիական խաղերի քանի՞ ուղեգրի հույս ունեք:

-Եթե իրատես լինենք, ապա երկու՝ Հովհաննես Դավթյան և Ֆերդինանտ Կարապետյան: Ժաննա Ստանկևիչի համար բարդ կլինի հասցնել վաստակել վարկանիշային այդ միավորները: Նա պետք է ընդգրկվի լավագույն 14 ձյուդոյիստների ցանկում:

-Ի՞նչ ծրագրեր ուենք առաջիկայում:

-Այժմ շաբաթը երկու անգամ հավաքականի հետ մարզվում ենք Երևանում: Մարտ ամսվա վերջից մեկնելու ենք մրցաշարերի, հավաքների և գրեթե 2 ամիս Հայաստանում չենք լինի: Դավթյան Հովհաննեսը կմասնակցի ուսումնամարզական հավաքի և Եվրոպայի առաջնությանը: Ֆերդինանտ Կարապետյանը մարտի 25-ին պետք է մասնակցի Վրաստանում կայանալիք Գրան Պրիին, որից անմիջապես հետո կմեկնենք Թուրքիա, որտեղ կմասնակցենք վարկանիշային մրցաշարի: Այնուհետև թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչի քաղաքում և 6 մարզիկով կմասնակցենք Կազան քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: