Ռումինիայի արտաքին գործերի նախկին նախարար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռումինական պատվիրակության ներկայացուցիչ Ադրիան Սևերինը դատապարտվել է 3 տարի 3 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, Սևերինը ներգրավված էր այսպես կոչված «կանխիկի օրենքների սկանդալում». ըստ Sunday Times-ի' ռումինացի պատգամավորը ստացել է շուրջ 100 հազ ար եվրո կանխիկացման մասին եվրոպական օրենքներում փոփոխություններ կատարելու համար: EurActiv պորտալի փոխանցմամբ' այս գործում ներգրավված են նաև Սլովենիայի և Ավստրիայի նախկին արտաքին գործերի նախարարներ Զորան Տալերը և Էրնստ Շտրասսերը:
Ռումինիայի հակակոռուպցիոն բյուրոն ապացույցներ է ներկայացրել առ այն, որ Սևերինը գումարը ստացել է «Taylor Jones Public Affairs» ընկերությունից 4000-ական եվրո փոխանցումներով, ինչից հետո վերացվեց ռումինացի պատգամավորի անձեռնմխելիությունը:
Ռումինացի կոռումպացված քաղաքական գործչի' Ադրբեջանի հետ ունեցած կապերի մասին էլ հետաքրքրական մանրամասներ է ներկայացրել Radio France International-ի ռուսական ծառայությունը' Սևերինին բնութագրելով որպես «Ադրբեջանի բացահայտ փաստաբան»: Դրա ակնհայտ դրսևորումներից է Ադրբեջանի խնդիրներին առնվող Սևերինի բոլոր քվեարկությունները: Իր հայտարարություններում Ռումինիայի ԱԳ նախկին նախարարը շարունակաբար միայն շեշտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը' Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին խոսելիս: 2013թ-ին, լինելով պատգամավոր, Սևերինը կոչ է արել ԵՄ-ին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում աներկբա և հստակ աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Նշված կոռուպցիոն գործով ներգրավված Ավստրիայի և Սլովենիայի նախկին ԱԳ նախարարները դատապարտվել են համապատասխանաբար 4 և 2,5 տարվա ազատազրկման: