Այսօր՝ մարտի 9-ին, Թբիլիսիում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով Վրաստանի մայրաքաղաք է ժամանել մարտի 8-ի երեկոյան: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արժևորում են ցանկացած քննարկում, որը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանը:
«Այս հանդիպումը նույնպես բացառություն չէ։ Կան մի շարք հարցեր, որոնք մշտապես գտնվում են բանակցային սեղանին: Այստեղ մենք պետք է տարանջատենք բանակցային գործընթացի երկու մասերը։ Մեկը՝ վերջնական կարգավորումն է, որը, իհարկե, տարիներ, տասնամյակներ է պահանջելու, մյուսը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, որը ևս ոչ պակաս կարևոր հարց է։ Սա է այն բանալին, որով կարելի է հանգուցալուծել ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը։ Հետևաբար, կան որոշ հարցեր, որոնք մշտապես գտնվում են օրակարգում: Այն է՝ լարվածության թուլացումը, զինադադարի ռեժիմի խախտումների դեմ քայլերի ձեռնարկումը, փոխվստահության միջոցների իրականացումը։ Կարծում եմ՝ այս հարցերի շուրջ է ընթանալու այս հանդիպման քննարկումը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ բանակցությունների աշխարհագրական վայրը որևէ նշանակություն չունի: Իսկ թե ովքեր են քննարկմանը ներկա լինելու, Բաբայանը դժվարացավ պատասխանել։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ինձ թվում է՝ պետք է լինեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ»,- հավելեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Վերջում հավելենք, որ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից փորձեցինք ճշտել՝ հանդիպմանը Հայաստանն ի՞նչ մակարդակով է մասնակցելու, սակայն ապարդյուն։ Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: