Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է միտումնավոր սրել իրադրությունն առաջնային գծում, այլև ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակ են բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ և նույնիսկ «վտանգ են տեսնում ոչխարների հոտի մեջ»:

 

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարների հոտին, ապա սա առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում, ինչի վերաբերյալ համացանցում կան համապատասխան ձայնագրություններ: