ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ոստիկանությունից նյութեր են ստացվել շուրջ 5 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու վերաբերյալ։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Երևանի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկված քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկի մեջ եղել է 0.01 գրամ դեղնականաչավուն, իսկ մյուսի մեջ՝ 5.1 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Նշանակված դատաքիմական փորձաքննության եզրակացությամբ փաստվել է, որ առաջին փաթեթի զանգվածը հանդիսանում է «մարիխուանա», իսկ մյուսի մեջ՝ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց։

 

 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել բազմածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, եղանակը պարզելու ուղղությամբ։

 

 

Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացին թմրամիջոցը ձեռք է բերել փետրվարի 22-ին, պարզվել է իրացնողի ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ քաղաքացուն իրացնողի կողմից թմրամիջոցի փոխանցման և դրա դիմաց վճարումը կատարելու գործընթացին օժանդակել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի դատապարտյալ՝ հեռախոսազանգերի միջոցով։

 

 

Քննությամբ պարզվել է նաև քաղաքացուն թմրամիջոց իրացրած անձի կողմից դրա ձեռք բերման աղբյուրը, ով ևս հանդիսանում է Երևանի բնակիչ։ Իսկ վերջինս էլ այն ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացի հանդիսացող մի տղամարդուց, ում ինքնությունը և Երևանում նրա ժամանակավոր բնակության վայրը ևս պարզվել է։ Օրենքով սահմանված կարգով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԻԻՀ քաղաքացու մոտ՝ աճուկային հատվածում և հյուրանոցային համալիրում գտնվող նրա բաճկոնի ծոցագրպանում, հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ 250 գրամ՝ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց։

 

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 4 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 2-ին՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։