Հայաստանում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, ինչի առիթով ձերբակալվել է 6 անձ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գործը բացահայտել են ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
2018 թվականի հուլիսի 6-ին Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից 3-ը՝ օտարերկրացի։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակներում գտնվող 6 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված թափանցիկ հեղուկով, 1 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով, 1 հատ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով և 2 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված մուգ գույն հեղուկով:
Բացի այդ, հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ եղել են. 1-ին փաթեթում եղել է դարչնագույն փոշենման զանգված, որի կշիռը կազմել է փաթեթի հետ մեկտեղ 1.83 գրամ, 2-րդ փաթեթում՝ 5.17 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգված, 3-րդ փաթեթում՝ 6.83 գրամ քաշով սև գույնի կոշտ զանգված, 4-րդ փաթեթում՝ 3.32 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, 5-րդ փաթեթում՝ 0.68 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, իսկ 6-րդ փաթեթում՝ 11.48 գրամ և 15.21 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված:
Բերման ենթարկված երկրորդ օտարերկրացու մոտ հայտնաբերվել է ապակե տարայով, ընդհանուրը՝ 85.27 գրամ քաշով անգույն, հոտավետ հեղուկ։ Նրանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է «Հերոին», «Ափիոն», «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, «Կրիստալի ջուր», «Մեթադոնի սիրոպ», որոնք Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ 2018 թվականի հուլիսի 6-ին՝ իրացնելու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որով նախաքննությունն իրականացում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը օտարերկրացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ևս երեք ՀՀ քաղաքացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։