«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի, կուսակցության ներսում տիրող խմորումների, ներկայի և ապագայի մասին MediaMall.am-ը զրուցել է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի հետ:
-Երբ առանձին կուսակցականներ դուրս են գալիս կուսակցությունից, ամենաառաջին արդարացումը կուսակցության համար դա, այսպես կոչված, ինքնամաքրումն է. ինչպես՞ եք ընդունում այդ հիմնավորումը:
-Թերևս, անվիճելի է, որ կուսակցությունները նույնպես կենդանի օրգանիզմ են և, ժամանակի հոսքին զուգահեռ, պետք է որ դրսևորեն հասունության, ինքնամաքրման ու զարգացման միտումներ: Եթե այդ միտումները թույլ են կամ չեն նկատվում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: Անշուշտ, եթե կուսակցությունը լքում են հատուկենտ ամբիցիոզ, անկառավարելի կամ ինքնասիրահարված անդամներ Կամ անպտուղ շառլատաններ, կարելի է մխիթարվել ինքնամաքրման դեղատոմսով: Այլ է վիճակը, երբ կուսակցությունը կանգնում է զանգվածային անդամալքման եզրին, առավելևս, երբ կուսակցությունց հրաժարվում են այդ կուսակցության հենասյուները կամ այն կուսակցականները, ովքեր ժամանակին իրենց անձնական հեղինակությամբ պատվել են այդ կուսակցությունը, ջանք ու եռանդ չեն խնայել նրա բարգավաճման գործում: Այդ դեպքում, հարց է առաջանում` ով է ումից մաքրվում' կուսակցությունն իր անդամից, թե՞ կուսակցականն իր քաղաքական խարանից:
-Դուք և մի շարք բհկ-ականներ տարբեր առիթներով բարձրաձայնել եք Ձեր և կուսակցության ղեկավարի կարծիքների տարբերության մասին, հատկապես կոալիցիա մտնել-չմտնելու հարցի շուրջ: Պնդում ե՞ք Ձեր կարծիքը...
-Գիտեք, խնդիրը կոալիցիա մտնել-չմտնելը չէ: Դա, կարելի է ասել' արդեն երկրորդական հարց է: Այո, ես պնդում եմ իմ կարծիքը, որ ստեղծված իրադրության և ԲՀԿ նախկին քայլերի լույսի ներքո առավել տրամաբանական ու հասկանալի կլիներ կոալիցիա մտնելը և ստանձնած պարտավորություններն ու պատասխանատվությունը կիսելը: Շատ քչերին է հասկանալի բյուջեին կողմ քվեարկելուց, իշխող կուսակցության ելույթներին ծափահարելուց ու սահմանադրական փոփոխությունների գործին անմնացորդ լծվելուց հետո հանկարծ ընդդիմադիրի դիմակ հագնելն ու ընդդիմություն խաղալը: Բայց չէի ցանկանա կոալիցիա մտնել-չմտնելը դարձնել հարցերի հարց, ու տվայտվել այդ գլուխկոտրուկով: Իրականոմ կան ավելի գլոբալ ներկուսակցական խնդիրներ, որոնք շուտափույթ չլուծվելու դեպքում ԲՀԿ-ի ապագան դառնում է բավական մշուշոտ: Պարզապես կոալիցիայի թնջուկը մի լրացուցիչ առիթ էր, որպեսզի տեսանելի դառնար ներկուսակցական ճգնաժամը: Այսօր որոշ կուսակցականներ, իբրև թե ներքին խոհանոցն անձեռնմխելի պահելու նկատառումով, շարունակում են պնդել, թե ներսում ամեն ինչ նորմալ է: Թող այդ հայտարարության հեղինակներն առերեսվեն ճշմարտության հետ, ու իմ խորին համոզմամբ, ամաչելու առիթ կունենան:
Եթե նորմալ է, որ կուսակցության նախագահի ու խոսնակի խոսքերը տառացի հակասում էին իրար, եթե նորմալ է, որ կուսակցության նախագահը կուսակցության պաշտոնական դիրքորոշումներն արտահայտում է' առանց քաղաքական խորհրդի հետ քննարկելու, եթե նորմալ է, որ կուսակցականների 90 տոկոսը կուսակցության ղեկին հայտնված անձին տեսնում են նույն հաճախականությամբ, ինչ հաճախականությամբ մենք ականատես ենք լինում արեգակի խավարման երևույթին, եթե նորմալ է, որ շատերն ամաչում են երբեմնի բարձր հեղինակություն ունեցող կուսակցության կրծքանշանը կրելուց (հլը տեսեք քանի պատգամավոր ու ակտիվիստ է հիմա կրում այդ նշանը), եթե նորմալ է, որ շատերն արդեն թաքցնում են իրենց կուսակցական պատկանելությունը, որպեսզի չզրկվեն աշխատանքից ու հանապազօրյա հացից, ուրեմն լրիվ տարբեր են մեր և մեր ընդդիմախոսների պատկերացումները նորմալի ու աննորմալի վերաբերյալ:
Դեռ հարց է' ում պահվածքն է ավելի ճիշտ' խնդիրները չտեսնելու տալով դրանք պարտակողի, թե խնդիրները տեսնելով ինքնաքննադատաբար գործող կուսակցականների... Ժամանակը ցույց կտա: Ամենաամոթալին այն է, որ կոալիցիային «հետին թվով» դեմ արտահայտվողները, ում վարքը հիշեցնում է աղվեսի ու խաղողի հայտնի առակը, կոալիցիայի կողմնակիցներին մեղադրում են պաշտոնամոլության ու կարիերիզմի մեջ: Անուններ չհոլովեմ, բայց նրանց շարքում կան մարդիկ, ովքեր առանց հանրային ծառայողի վկայականի, նույնն են, ինչ ձուկն առանց ջրի կամ պատարագն' առանց երգեհոնի: Հետո՞, մինչև ե՞րբ և ինչքան կարելի է նենգափոխել իրականությունը:
-Փաստորեն, Դուք շարունակում եք մնալ այն կուսակցության մեջ, որն իրեն ընդդիմադիր է հռչակել: Որքա՞ն եք պատրաստվում երկարաձգել այդ կարգավիճակը:
-Կարծում եմ' ընդդիմադիր հռչակվելը և ընդդիմադիր լինելը բոլորովին տարբեր բաներ են: Ես էլ կարող եմ ինձ հռչակել ջազի արքա, բայց դա ով կընդունի: Այդ «ընդդիմադիրներից» քանիսն են հրապարակայնորեն ընդդիմացել կարևոր պահերին, քանիսն էն բացահայտ դեմ արտահայտվել իշխանական կարևոր պրոյեկտներին, քանիսն են դեմ քվեարկել ԱԺ-ի կողմից պաշտոնում նշանակվող' իշխանության թեկնածուներին: Հո ասելով չի...
Այնպես չի, որ ես ծափահարում եմ ներկա կառավարության գործունեության արդյունքներին: Ինքս էլ հաճախ եմ հրապարակավ դեմ արտահայտվել կառավարության շատ նախաձեռնություններին, առանձին պաշտոնյաների բիրտ ու հակահասարարական վարքին, օրենքների և այլ նորմատիվ ակտերի թերի ու բաց կողմերին, գառան դիմակով շրջող' գայլի ախորժակով պաշտոնյաներին ու կարիքավորների հացը խլած կեղծ բարեպաշտներին: Քննադատել եմ բացեիբաց, անթաքույց ու չեմ մանևրել իմ խոսքերի մեջ: Դե թող անվանական կարգով առանձին-առանձին հայտարարեն, թե ովքեր են այդ ընդդիմադիր պատգամավորները, ովքեր դեմ են այսօրվա իշխանությանը, նրա վարած քաղաքականությանը: Լավագույն դեպքում այդպես կվարվեն մեկը կամ երկուսը... Ես միայն մեկ դեպքում կհավատամ այդ հեքիաթին, երբ բոլոր կուսակցական պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները (քանի որ, ինչպես մեր կուսակցապետն է ասում' այդ քանակով իրենք ի զորու չեն եղանակ փոխել Ազգային ժողովում) ու իրենց ընդդիմադիր պայքարը շարունակեն' առանց պետական բյուջեի հաշվին արտասահմաններում անհոգ շրջագայելու, առանց դիմադիր «բանակի» զինվորների հետ օտար ափերում գրկախառն ու ժպտադեմ թռչկոտելու, առանց պետական պաշտոնյաներին իրենց փափկասուն երեխաներին ծառայությունից ազատելու կամ այլ կերպ տաք անկյուններում խցկելու խնդրանքներ հղելու, առանց ճոխ սեղաններին բարձրաստիճան իշխանավորներին քծնախառն կենացներ ու գովեստներ ձոնելու: Թող մի պահ վեր կանգնեն ինքնապաշտպանության բնազդից, համախմբեն առողջ ուժերին ու ինքնուրույն, այլ ոչ թե հաստիքային կցորդի կարգավիճակով, սեփական գաղափարախոսությամբ ու կայուն մարտավարությամբ շարժվեն դեպի 2017-ը: Այդ ժամանակ միայն նրանք հանրությանը կհամոզեն, որ իրական ընդդիմադիր են: Զգում եք չէ, ցավալի է, բայց արդեն անցում կատարեցի հեքիաթի ժանրին:
-Ի վերջո, եթե Աստված ոչ արասցե, կուսակցությունը շարունակեն լքել հայտնի ու վաստակաշատ կուսակցականները, ապա ի՞նչ հեռանկար եք տեսնում հարազատ կուսակցության համար:
-Մենք ենք որոշողը, թե ինչպես ենք ուզում տեսնել կուսակցության ապագան: Եթե այս նույն սկզբունքներով շարունակվի կուսակցության ղեկավարումը, եթե նույն տեմպերով խորանա կուսակցության ղեկավարի ու կուսակցականների միջև առաջացած անջրպետը, եթե կուսակցության որոշումներն ու դիրքորոշումները թխվեն այլ խոհանոցում, եթե տեղերում կուսակցական պատասխանատուները կենտրոնից մատակարարվող սուտ խոստումների պատճառով շարունակեն ամաչել իրենց ընտրազանգվածից, եթե շարունակենք հանդուրժել խոսքի ու գործի միջև ոչ մի ընդհանրություն չապահովող կուսակցապետի նույնաոճ պաշտոնավարոմը, ապա 2017-ից հետո քաղաքական աղբանոցում հայտնվելու հեռանկարը երաշխավորված է: Տեսեք, մի բան չենք նկատում: «Բարգավաճ Հայաստանը» քարոզեց և կողմ քվեարկեց այն Սահմանադրությանը, հանաձայն որի' կուսակցությունները նպաստում են հասարակության քաղաքական կամքի ձևավորմանը: Պատկերացնու՞մ եք, որքան կարեկցանքի Է արժանի այն դյուրահավատ պատանին, ում քաղաքական կամքը ձևավորվի' «Բարգավաճ Հայաստանի» ներկա գործելակերպի օրինակով:
Այսօր կուսակցության նախագահը և նրա համախոհները հայտարարում են, թե «Բարգավաճն» ընդդիմադիր կուսակցություն է: Քաղաքագիտության ժամանակակից աղբյուրներում, որքան գիտեմ, «ընդդիմադիր»-ը կուսակցության տիպ չէ (կուսակցությունների տիպաբանության մեջ նման տեսակ առանձնացված չէ): Կուսակցության առաջին դեմքը պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա ու անվանակոչի, թե ինչ տիպի կուսակցություն է ԲՀԿ-ն, որն է նրա գաղափարախոսությունը: Եթե ազնիվ լինենք, ուրեմն պետք է նշենք, որ այսօր ԲՀԿ-ի գաղափարախոսությունը «օրը գիտի», «ոնց կասեն» կամ ասենք' «շառից-փորձանքից հեռու» սկզբունքն է: Կուսակցության ղեկավարը եթերում հանդես է գալիս «գոռալ-ճվալ-ժպտալ, գոռալ-ճվալ-ժպտալ, գոռալ-ճվալ-ժպտալ» անընդմեջ կատարումով: Գոռալ-ճվալով ու դրանից անմիջսպես հետո ժպտալով (հիշեք Աշոտյանի «Եռանկյունին») քաղաքական ուժ չեն ղեկավարում, քաղաքական պայքար չեն մղում:
Ինչևէ, չկա չարիք առանց բարիքի. Բարգավաճ Հայաստանից մի բան միայն կմնա անմեռ. եթե գալիք սերունդներին հարկ լինի բացատրել թե ինչ են նշանակում «քաղաքական» բառին կցվող այնպիսի գոյականներ, ինչպիսիքն են, օրինակ' էֆթանազիան, կուրությունը, անդեմությունը, դիմակը, դիակն ու դիակառքը, ապա դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվի. պարզապես հարկավոր կլինի բացել և թերթել «Բարգավաճ Հայաստանի» պատմության վերջին էջերը, աչքի անցկացնել դրանցում նկարագրված տխուր դեպքերն ու այդ դեպքերի մեջ մեղավոր ինքնագոհ դեմքերը...
Մի հարցնող լինի՝ բա այդպե՞ս են «կառուցում բարգավաճ երկիր»...