2017 թվականի ընտրությունները յուրահատուկ են լինելու իշխող քաղաքական ուժի համար: Կուսակցության համամասնական ցանկից բացակայում է նախագահը, վարչապետը, ով փաստացի հանդիսանում է փոփոխությունների խորհրդանիշը: Միևնույն ժամանակ՝ ինչպես արդեն իսկ կարող ենք նկատել, ՀՀԿ քարոզարշավի դեմքը հենց ցուցակում չհայտնված վարչապետն է:

Այսպիսի իրավիճակի պատճառը երկրում օբյեկտիվորեն ձևավորված իրավիճակն է, որը ակնհայտորեն փոխվել է, և հանրապետական կուսակցության ներսում ծավալվող քաղաքական գործընթացները, որոնք թեև լատենտ են՝ այնուամենայնիվ լուրջ ազդեցություն են թողնելու ինչպես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ 2018թ-ի ապրիլին սպասվող ոչ պակաս կարևոր ընտրությունների վրա:

Այս ընթացքում իշխող քաղաքական ուժի ներսում ձևավորվել է զսպումների և հակակշիռների այնպիսի բարդ մեխանզիմ, որ այսօր դժվար է ասել՝ ինչպիսին կլինի ՀՀԿ-ն ընտրություններից մեկ կամ երկու ամիս անց: Դեռ պարզ չէ, արդյո՞ք գործող նախագահը կներկայացնի իշխանության ղեկին մնալու հայտ, թե՞ իշխանության հանձնման այս գործընթացը, որը սկիզբ է առել կուսակցության ներսում, իր տրամաբանական ավարտին կհասցվի նաև պետական մակարդակով:

Սարգսյանի հիմնական հետնորդները երկուսն են՝ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Երկուսի դիրքերն էլ ՀՀԿ-ում ուժեղ են, սակայն այս պահին Վիգեն Սարգսյանի գործոնը հանդիսանում է Կարեն Կարապետյանի քաղաքական ամբիցիաների զսպման միջոց:

Վերջերս հարցազրույցներից մեկում նրա հայտարարությունը, թե իր կարծիքով 2018 թվականի ապրիլին այլևս չի լինի Հայաստանում չորս տարվա մշտական բնակության իրավական խնդիրը, արգելքը, Կարեն Կարապետյանը որոշակի ցույց տվեց, որ գոնե ինքը այդքան էլ չի համակերպվում ժամանակավոր, իրավիճակային լուծում լինելու տարբերակին: Շատ բան կախված է նաև նրանից, արդյոք վարչապետը ընտրություններից հետո կպահպանի իր բարձր վարկանիշը, թե ոչ:

Եթե ՀՀԿ-ը հաջողվի կրկին գալ իշխանության, նրանք կանգնելու են նախընտրական խոստումները կատարելու անհրաժեշտության առջև, և այդ խոստումները չկատարելու ողջ պատասխանատվությունը ընկնելու է հենց Կարեն Կարապետյանի վրա, քանի որ լավ ապագայի, զարգացող տնտեսության, միլլիոնների հասնող ներդրումների մասին երաշխիքները հնչում էին հիմնականում նրա շուրթերից: Ողջ բարդությունը կայանում է նրանում, որ այդ խոստումները իրականություն դարձնելու համար գործող վարչապետը պետք է դուրս գա, ըստ էության, ամբողջ իշխանական համակարգի դեմ, իսկ ինչպե՞ս է դա հնարավոր և հնարավո՞ր է արդյոք. Առկա քաղաքական իրադրության պայմաններում դա այդքան էլ իրատեսական չի թվում:

Մինչև 2018 թվականը ականատես ենք լինելու կոշտ դիրքային պայքարի, ընդ որում, այդ պայքարը իր բնույթով լինելու է կուլիսային, մի կողմից այն պատճառով, որ այդպիսին է նման գործընթացների ներքին տրամաբանությունը, և մյուս կողմից՝ նման պայքարը կարող է հանրության կողմից ընկալվել իբրև ներքին հակասությունների նոր թնջուկ: Այդպիսով, Կարեն Կարապետյանը գործնականում հայտնվել է բավական բարդ վիճակում, որովհետև նա դառնալով ՀՀԿ դեմքը, փաստորեն ստանձնում է նաև հետընտրական իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ