Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոխել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շերտի վաճառքը: Գործող օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»: Կառավարությունն առաջարկում է այս կետը վերախմբագրել այսպես. «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքը թույլատրվում է Կառավարության որոշմամբ»: Թե ում է պատրաստվում վաճառել Հայաստանի կառավարությունը հողի բերրի շերտը, հայտնի չէ:
Ընդդիմություն եղած տարիներին Փաշինյանը և իր թիմը լուրջ քննադատության ենթարկեցին վարչապետ Կարեն Կարապետյանի նախագիծը, որը ևս այս կամ այն չափով ենթադրում էր հողի վաճառք: Կարապետյանին մեղադրեցին օլիգարխներին արտոնություններ տալու, գյուղացուն անհող թողնելու և դավաճանության մեջ: Նախագիծը ենթադրում էր, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ՝ գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը: Կարող է նաև այդ գույքը դառնա համայնքային սեփականության, և նախկին սեփականատիրոջը հատուցվի դրա գինը:
Ընդդիմությունը այն ժամանակ կոշտ հարցադրում էր անում՝ եթե համատարած վաճառքի հանվեցին քաղաքացիությունը կարցրած գյուղացիների հողերը, ովքե՞ր պետք է դրանք գնեն, եթե ոչ օլիգարխները, եթե ոչ արտոնություններից օգտվողները: Փաստորեն, ըստ ընդդիմության՝ ստացվում էր, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու ազնիվ նպատակով: Այն, որ երեկվա ընդդիմադիրները և այսօրվա իշխանությունները նույնպես ունեն տնտեսությունը ակտիվացնելու նպատակ, դա ակնհայտ է: Ներդրումներ չկան, ռեկետն էլ վերջին շրջանում արդյունք չի տալիս. մնում է գնալ այն ճանապարհով, որով գնում էին նախկինները, և որը երեկվա ընդդիմադիրները որքան ուժ ունեին քննադատում էին: Իրավիճակ է փոխվել…