ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է խոսել, արդյո՞ք ինքն առաջարկել է՝ Փաշինյանի հետ գնալ հրապարակ հարթակ, եւ, արդյո՞ք Փաշինյանն իրեն պատասխանել է՝ նման բան հնարավոր չի, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ են եղել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար։ Հարցին՝ արդյո՞ք պայմանավորվածությունը խախտվել է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։
Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից հետո արդեն երկրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, ով հերքում է Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության օրերին և դրանից հետո արված՝ պայմանավորվածությունների մասին պնդումները: Ընդ որում՝ Կարապետյանը հայտարարում է, որ պայմանավորվածությունները Նիկոլ Փաշինյանը պահպանում է: Գաղտնիք չէ, որ հեղափոխական իրավիճակներում հեռացող կողմի համար առաջնային է երաշխիքների ձեռք բերումը՝ անձնական և կապիտալի անձեռնմխելիության մասով: Եթե Կարեն Կարապետյանը նկատի ուներ հենց այս պայմանավորվածությունը, ապա վերջինս միանշանակ ճիշտ է: Դիցուք՝ հեղափոխությունից առաջ Փաշինյանը Կարապետյանին մեղադրում էր «4 միլիարդանոց մենաշնորհ» ունենալու մեջ՝ նկատի ունենալով գազի ներտնային սպասարկման բիզնեսը, որը, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է հենց Կարապետյանին: Հեղափոխությունից հետո այդ մենաշնորհին որևէ կերպ չանդրադարձան: ՊԵԿ-ում առաջացած սկանդալը՝ կապված Կարեն Կարապետյանի և Վարդան Հարությունյանի անվան հետ առնչվող ընկերություններից ՀԴՄ սարքեր գնելու հետ, նույնպես ջրվեց: Կարապետյանը չի անցնում և ոչ մի քրեական գործով: Նախորդ տարի սոցցանցերում լայն տարածում է գտել ամանորյա Գյումրիից մի լուսանկար, որում պատկերված է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը՝ ամանորյա զարդարանքով և լուսավորությամբ: Հետաքրքրական է, որ այս լուսանկարով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մակագրելով այն՝ «Գյումրին պատրաստվում է Ամանորին» գրառմամբ: Հարց է առաջանում՝ արդյո՞ք վարչապետը տեղյակ չի եղել, թե ում է պատկանում լուսանկարում պատկերված ռեստորանը, թե դա արել է գիտակցաբար՝ գովազդելով իր նախկին գործընկերոջ «օբյեկտը»: Հեղափոխությունից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 9-րդ նիստում միաձայն նախագահ ընտրեց Գևորգ Մուրադյանը, ով մինչև 2018 թ. ապրիլ ամիսը եղել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը:
Ուշագրավ է նաև գործարար Սամվել Կարապետյանի գործոնը, ով հեղափոխության օրերին Հայաստանում էր և կարող էր մաս կազմել Կարապետյան-Փաշինյանի ներքին պայմանավորվածությանը: Սամվել Կարապետյանի բիզնես շահերը նոր Հայաստանում որևէ կերպ չեն ոտնահարվել: Ավելին՝ Տաշիր ընկերությունների խմբի վերահսկողության տակ է անցել Հայաստանի ևս մեկ խոշոր էներգետիկ հանգույց` Սևան-Հրազդան ՀԷԿ–երի կասկադը։ Սևան-Հրազդան կասկադը կառավարում էր «Ռուսգիդրոյի» դուստր ընկերությունը` «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ–ն։ 2019 թվականի նոյեմբերին «Տաշիրը» ստացել էր բաժնետոմսերի 90%–ը, այժմ ստացավ մնացած 10%–ը։ Սա «Ռուսգիդրո» կորպորացիայի վերջին ակտիվն էր Ռուսաստանի սահմանից դուրս։
Բացի այդ, վերջին շրջանում ակտիվ գործընթացներ էին ընթանում Յուքոմ և Բիլայն ընկերությունների շուրջ: Պաշտոնապես «Յուքոմը» ցանկանում էր ձեռք բերել «Բիլայնի» բաժնետոմսերը: «Յուքոմի» հիմնական բաժնետերերից մեկը «Տաշիր գրուպ» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով առանց այն էլ Հայաստանի տնտեսության վրա բավական մեծ ազդեցություն ունի, իսկ եթե հանկարծ հեռահաղորդակցության ոլորտն էլ իր վերահսկողության տակ անցնի, ապա կդառնա երկրի թիվ մեկ օլիգարխը: Հետևաբար, եթե Կարեն Կարապետյանը նկատի ուներ, որ ներքին պայմանավորվածությունը դա անձնական և կապիտալի անձեռնմխելիությունն է, ապա նա իրոք չի ստում՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը պահում է այդ պայմանավորվածությունները: Կարեն Կարապետյանը, ըստ էության, հեռացավ ՝ ստանալով որոշակի երաշխիքներ, և Փաշինյանը դեռ պահում է այդ խաղի կանոնները…