Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից փորձեր էին իրականացվում բարեփոխելու տաքսի ծառայության ոլորտը և այն բերելու օրինական դաշտ: Այդ քայլերին ակտիվորեն հակադարձում էին այն ժամանակվա ընդդիմադիրները, մասնավորապես, նույն Նիկոլ Փաշինյանը, ով պահանջում էր չխլել վերջին կտոր հացը տաքսու վարորդներից' պնդելով, որ երկրում առկա են լուծում պահանջող ավելի կարևոր հարցեր:
Այսօր Փաշինյանն ինքն է վարչապետ, սակայն, իր կառավարությունը շատ հստակ դրել է անհատ տաքսիների լիցենզավորման պահանջը, վերջին օրերին էլ քննարկվում է օդանավակայանի տարածքում միայն լիզենցավորված տաքսի ծառայությունների աշխատանքի թույլատրելու հարցը: Լիցենզիան էլ, ի դեպ, էժաններից չէ՝ տարեկան 200 հազար դրամ:
Նույնիսկ վարչապետ ընտրվելուց հետո էլ Փաշինյանը շարունակել է մոլորեցնել տաքսիստներին՝ փափուկ բարձ դնելով նրանց գլխի տակ:
2018 թ․ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ (5:38 րոպե) Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մոտ են ՀՀ տարածքում և Երևանում անհատ տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելուն։ Ըստ վարչապետի՝ եթե վարորդներն ազատվեն հարկերից, դա կբերի սակագների նվազման և կնպաստի տրանսպորտի խնդիրների կարգավորմանը։ «Կռացած երթևեկելուց ազատվելու կարևոր հանգրվաններից մեկը դա կդառնա»,— հայտարարել էր Փաշինյանը։
Ավելի ուշ՝ 2018 թ․ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովի ամբիոնից, կրկին խոսելով անհատ տաքսու վարորդների մասին, վարչապետը հայտարարել էր․ «Հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելուն։ Խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին է, այլ անհատ տաքսու վարորդների։ Մենք ասում ենք, որ այդ մարդիկ որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն։ Այսինքն՝ մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճար ունենալու, առանց լիցենզիայի։ Եվ այս որոշման շահառուն, տարբեր փորձագիտական գնահատականներվ, 50 հազար մարդ է»։
Արդեն 2019 թ. հուլիսի 20-ին Գյումրիում գործարար համաժողովի ժամանակ ունեցած ելույթում վարչապետը, կրկին անդրադարձ կատարելով այս թեմային, հայտարարել էր․ «Հուլիսի 1-ից, ըստ էության, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից։ Սա նշանակում է, որ նրանք Երևան քաղաքում 12000 դրամ, իսկ մարզերում 8000 դրամ ամսական վճարումները անելու պարտավորությունից ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմանների բավարարել և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է»։
Ինչպես երևում է, Փաշինյանը ոչ միայն հերթական անգամ քցում է տաքսիստներին, այլ մի բան էլ թարմացնում է Կարեն Կարապետյանի ռեկորդները' վերջինիս՝ իր կողմից քննադատվող առաջարկներից ավելի կոշտ պայմաններ դնելով տաքսիստների առջև: