ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այժմ գտնվում է Սյունիքի մարզում, որտեղ երեկոյան պետք է մասնակցի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։ Մինչ այդ նա հանդիպել է սյունեցիներին և լսել նրանց խնդիրների մասին։
Բնակիչները բարձրաձայնել են շարք խնդիրների, այդ թվում՝ գյուղատնտեսության զարգացման մասին, մասնավորապես, թե կառավարությունն ինչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ և ինչ քայլեր է ձեռնարկում գյուղտեխնիկան համալրելու և թարմացնելու համար։ «Կոլխոզները լավ հիշո՞ւմ եք, դրանք Ստալինն էր ստեղծել, ըստ էության՝ բռնությամբ, բայց այսօր օրենքով հնարավորություն կա, որ դուք բոլորդ կամավոր կազմակերպեք և կոլխոզ ստեղծեք, գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսություններ։ Այդ պարագայում, գիտե՞ք՝ ինչ հնարավորություններ կբացվի, օրինակ, գյուղացիական կոոպերատիվներին տրվող վարկերը շատ ավելի էժան են, գյուղացիական կոլեկտիվները շատ ավելի լավ պայմաններով են տեխնիկայից և ամեն ինչից օգտվում»,-ասել է Փաշինյանը:
Արդյո՞ք այս մոտեցումը ոչինչ չի հիշեցնում: Անցած տարվա ապրիլին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում դիմելով գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ ասել էր. «Կրթել, կրթել, կրթել, վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Կրկնում եմ՝ սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն պետք է տանք, թե քանի ֆերմեր ա առաջացել, քանի կոոպերատիվ ա առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել ա փայլել: Պայմանավորվեցի՞նք: Շատ համարձակ բարեփոխումներ ա սկսել գյուղատնտեսության նախարարությունը, մենք աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»:
Այն ժամանակ Կարապետյանի այս մեթոդաբանությունն անվանեցին սովետական մնացորդ, մեղադրելով կառավարությանը, որ վերջինս չի ցանկանում գնալ ոլորտի կարգավորման գործնական՝ լուրջ ֆինանսավորում պահանջող քայլերի: Ինչպես երևում է՝ քննադատներն այսօր իրենք են որդեգրել նույն մոտեցումը և սովետի մնացորդն այժմ ավելի քան ձեռնտու քաղաքականություն է: Նման հայտարարությունը նշանակում է, որ կառավարությունն ի վիճակի չէ լուծել ոլորտի կարևորագույն խնդիրները, հետևաբար, ցանկանում է ձեռքերը լվանալ, իսկ գյուղացին նորից կմնա միայնակ իր խնդիրների հետ: Փաշինյանը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն անելու մասին: Մնում է հարցնել՝ կոլխոզներո՞վ…
Ս.Խաչատրյան