«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում' առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են եւ՛ Փաշինյանը, եւ՛ իշխանության, եւ՛ ՔՊ վերնախավի ներսում: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը այդ հարցում եւս մտափոխվի:
Գերատեսչության բոլոր ղեկավարներից, կառավարության ենթակա բոլոր մարմիններից, վարչապետին ենթակա բոլոր մարմինների ղեկավարներից Փաշինյանը դժգոհ է ու մարդկանց է փնտրում՝ մեկը մյուսով փոխարինելու համար: Վարչապետը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած. օրենսդիր մարմնի անդամներին, որոնք իր հավատարիմներն են, վստահում է, առաջարկում է տեղափոխվել գործադիր մարմին:
Այդ հարցում, սակայն, դեռեւս հաջողություն չունի. պատգամավորները հրաժարվում են նախարարի պորտֆեյլ վերցնել: Այս պահին Փաշինյանի հույսը կադրային բանկն է, բայց, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, այնտեղից էլ չի կարողանում մարդ գտնել»։