ԱՄՆ-ի զինծառայողները ցանկանում են երկրի գլխավոր հրամանատար տեսնել միլիարդատեր Դոնալդ Թրամփին կամ սենատոր Բեռնի Սանդերսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել է Military Times մասնագիտացված հրատարակությունը՝ ամփոփելով ԱՄՆ-ի զինուժերում անցկացված հարցումների արդյունքները:

 

 

Թերթի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե զինծառայողները որ թեկնածուի օգտին են պատրաստ տալ իրենց ձայնը, եթե նախագահական ընտրությունները կայանան արդեն հաջորդ օրը:

 

 

«Հանրապետականների ֆավորիտը համարվող Թրամփը առավել մեծ ժողովրդականություն է վայելել զինծառայողների շրջանում՝ հավաքելով ձայների շուրջ 27 տոկոսը, երկրորդ տեղը գրավել է դեմոկրատ, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը՝ 22 տոկոսով»,- ասված է հոդվածում:

 

 

Հրատարակությունը նշել է, որ այս երկու թեկնածուների ելույթները «արձագանք են գտնում զինվորական համազգեստով մարդկանց շրջանում»: Հարցման արդյունքներով՝ երրորդ տեղն զբաղեցրել է հանրապետական և Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը (16,7 տոկոս), որին հաջորդում է դեմոկրատ, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (11,7 տոկոս): Մնացած թեկնածուները 10 տոկոսից պակաս ձայներ են հավաքել:

 

 

Մարտի 15-ին նախնական ընտրություններ են տեղի ունենալու ԱՄՆ-ի հինգ նահանգներում՝ Ֆլորիդայում, Իլինոյսում, Միսուրիում, Հյուսիսային Կարոլինայում և Օհայոյում, իսկ ԱՄՆ-ի հետ ազատ ասոցացված Հյուսիսային Մարիանյան կղզիներում Հանրապետական կուսակցության անդամները կանցկացնեն կուսակցական ակտիվի ժողովներ (կոկուսներ):

 

 

Ընտրությունների ընթացքում որոշվելու է, թե Սպիտակ տան համար պայքարի մասնակիցներից ում օգտին իրենց ձայնը կտան այդ նահանգների պատվիրակները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ազգային համագումարներում, որտեղ հայտարարվելու են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածուները նոյեմբերի 8-ի ընտրություններում:

 

 

Հանրապետական հավակնորդները՝ Դոնալդ Թրամփը, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն և Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը այդ օրը կպայքարեն ազգային համագումարի 367 պատվիրակների ձայների, իսկ դեմոկրատ հավակնորդները՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսը՝ 792 պատվիրակների ձայների համար: «Այս երեքշաբթի քվեարկության արդյունքները կորոշեն նախագահական ընտրարշավի հետագա ողջ դինամիկան ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար»,- նշել է CNN հեռուստաընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: