MediaMall.am-ի զրուցակիցն է նախկին Սոցապնախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը:
- Պարո՛ն Պետրոսյան, ի վերջո, ի՞նչն էր Ձեզ կուսակցությունից հեռացնելու պատճառը:
- Պատճառն այն է, որ կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանը չի հարգում Սահմանադրությունը, օրենքները և ԲՀԿ կանոնադրությունը, նա չի հանդուրժում ոչ մի քննադատություն:
- Այսօր արդեն տարբեր լրատվականներում շրջանառվում էր Նաիրա Զոհրաբյանի արտահայտությունը՝ «ԲՀԿ-ն աստիճանաբար վիրահատական միջոցներով» մաքրազարդելու մասին: Կարելի՞ է ասել, որ «վիրահատության» առաջին ենթարկվածը Դուք էիք:
- Փաստորեն, Նաիրա Զոհրաբյանը նաև վիրաբույժ է, նախկին թատերագետ, լրագրող, պատգամավոր, կուսակցապետ, հիմա էլ վիրաբույժ, գուցե վաղն էլ՝ տիեզերագնաց: Չգիտեի...
Օ, ո՛չ, միայն ո՛չ Զոհրաբյանի ձեռքերով: Վիրահատողի խիղճն ու ձեռքերը պետք է մաքուր լինեն: Իսկ նրա՝ հատկապես ձեռքերը շատ հեռու են մաքուր լինելուց:
- Նա երեկ ԱԺ-ում խուսափում էր Ձեզ հետ կատարվածի մասին հարցերից: Ի՞նչ է, հարցը համարում է լուծված և վե՞րջ:
- Իհարկե ոչ, ամեն ինչ դեռ առջևում է... Այսօր նա կստանա իմ վերաբերյալ կայացրած ապօրինի որոշումն ինձ տրամադրելու մասին իմ դիմումը, որը կլինի սպասվող դատաիրավական գործընթացի սկիզբը: Իսկ ինչ վերաբերում է լրագրողների հարցերից խուսափելուն, դրա պատճառն այն է, որ նա ասելիք չունի. ի՞նչ ասի, ինչպե՞ս հիմնավորի իր ապօրինությունը: Չէ՞ որ մարդիկ նրան էլ գիտեն, ինձ էլ: Նա առանց խղճի խայթի, կներեք օտարալեզու բառիս համար, հիմա էլ «պադստավկա» է անում Ավանի տարածքային կառույցին, ասել է՝ իրենք են որոշում կայացրել, թող իրենք էլ պատասխան տան: Սա է Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը, ապրելու ոճը:
- Փաստորեն, Դուք վճռակա՞ն եք՝ Ձեր իրավունքները պաշտպանելու հարցում, թե՞ կարող եք նահանջել:
- Նահանջել կարող եմ միայն մեկ դեպքում, երբ ինքը մեծահոգություն ունենա՝ վերացնել, նա ունի այդ իրավունքը, իր ապօրինի որոշումը՝ դրանով կանխելով իր խայտառակությունը ոչ միայն ներպետական, այլև միջազգային կառույցների ու հանրության մակարդակում: Ես ոչ միայն դիմելու եմ դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու, իսկ հետագայում նաև՝ ինձ պատճառած վնասները գանձելու պահանջներով, այլև միջազգային պատկան ատյաներին առաջիկա օրերին նրանց հասանելի լեզուներով հայտարարություն եմ առաքելու Զոհրաբյանի ապօրինությունների մասին, իրազեկելու եմ բոլոր այն հարթակներին, որտեղ նա հաճախ է խոսում մարդու իրավունքից, խոսքի ազատությունից ու ժողովրդավարությունից: Շուտով Եվրոպայի Խորհրդում, Վենետիկի Հանձնաժողովում և այլ կառույցներում կիմանան, թե ով է Զոհրաբյանը, կհասկանան, թե ինչքան մեծ անդունդ կա նրա և մարդու իրավունքների միջև...
- Կարծեք թե նա և իր կողմնակիցները հանդարտվել են, իսկ Դուք շարունակում եք պայքարը:
- Նրա գրչակները հանդարտվել են, քանի որ սպորտային նոր նկարներ չեմ տեղադրել ՖԲ իմ էջում. դե ես արդեն հասկացա, որ Նաիրա Զոհրաբյանին ու նրա «նեղ» շրջապատին առավելապես հուզում են իմ սպորտային կիսամերկ նկարները: Այլևս պեղելու և իրենց զգացումներին հագուրդ տալու նյութեր չկան: Մարդիկ մատնվել են պարապուրդի: Չնայած, Նաիրա Զոհրաբյանին կարող է երկրային լիակատար հանգստություն պարգևել միայն մեկ բան՝ երբ Հայաստանում ստեղծվի ու նրան վստահվի Ինտրիգների հրահրման և բանսարկությունների համակարգման նախարարի պաշտոնը, որտեղ ինքը կլինի՝ ինչպես ձուկը ջրում:
- Երեկ նա ԱԺ-ում հասցրեց հայտնել, որ իրեն բացարձակապես չի անհանգստացնում սպասվող դատական պրոցեսը:
- Դե, մի մոռացեք, որ նա առաջին մասնագիտությամբ թատերագետ է, բա պետք է ձևացներ, բա ինչ պետք է աներ: Բայց ես նրան լավ եմ ճանաչում. նա ահավոր վախեցած է, նա դողում է՝ ինչպես ուռին, անհանգիստ է՝ ինչպես ծննդկանի զարկերակը: Նրա մերձավոր շրջապատից ասում են, որ նա է՛լ ավելի անկառավարելի ու ագրեսիվ է դարձել:
- Մի տեսակ տպավորություն է, թե Դուք դուրս եք եկել անձնական պայքարի: Դա այդպե՞ս է:
- Իհարկե, այս պայքարն ունի անձնականի բաղադրիչ: Բա եթե ապօրինի որոշմամբ իմ բարի համբավն է արատավորվում, բա ո՞վ պետք է իմ փոխարեն պայքարի: Բայց պայքարը զուտ կամ միայն անհատականի խնդիր չէ: Ես հանդիսացա ներկուսակցական դեմոկրատիայի առաջին զոհը, իսկ դա չպետք է անպատասխան մնա. Եթե այսօր Զոհրաբյանը կուսակցականի ողջամիտ քննադատության համար կարող է նրան ապօրինաբար հեռացնել կուսակցությունից, ապա վաղը, եթե, իհարկե, նա մնա կուսակցապետի պաշտոնին, նա կարող է կուսակցությունից հեռացնել իրեն չքծնելու կամ ծուռ նայելու համար: Ի վերջո, սրանով ձևավորվում է ներկուսակցական զոռբայության ու բռնատիրության մթնոլորտ, և կուսակղցությունը ճիշտ ղեկավարելու բացը նա կփորձի լրացնել ավելորդ վարչարարությամբ ու անհարկի ներգործություններով: Դրա համար քոքից է պետք կտրել նրա այդ ցանկությունը:
- Բայց չէ՞ որ նա պնդում է, թե Ձեզ հեռացրել է՝ կուսակցության շահերից ելնելով:
- Կներեք, ես այստեղ մեծ վերապահում ունեմ: Զոհրաբյանը ԲՀԿ-ին սիրում է այնքան, որքան ինձ: Նրան ԲՀԿ հեղինակությունը հետաքրքրում է այնքան, ինչքան ինձ՝ Մայքլ Ջեքսոնի երիկամների աշխատանքը, նա ԲՀԿ-ն կործանում է: Ի վերջո, նա չի հասկանում, որ իր գործողություններով հիմքեր է ստեղծում՝ ԲՀԿ-ին ընդունելու իբրև Հայաստանի միակ կուսակցությունը, որի ներսում գնդակահարվում է խոսքի ազատությունը, բազմակարծությունը, ներքին ժողովրդավարությունը: Նա՝ ուր, խոսքի ազատությունն՝ ուր: Նա ներկուսակցական ինտրիգների մեծագույն վարպետ է, մտքի ազատության երդվյալ թշնամի: Նա օրինականության հետ այնքան կապ ունի, որքան ես՝ Պաղեստինի ազգային ազատագրական շարժման հետ: Եթե ԲՀԿ-ի բարի համբավը նրան հետաքրքրեր, նա պետք է հասկանար, որ ես իր ապօրինի գործողությունների հետևանքով ակամայից պետք է շեշտեմ ԲՀԿ-ի անունը. չէ՞ որ նա իմ գրառումներում, իսկ վաղը նաև՝ դատավարական փաստաթղթերում ու մամուլում հիշատակվելու է ոչ թե որպես Այգեձորցի Նառա, այլ՝ ԲՀԿ նախագահ: Մի՞թե այդքանը նրա համար դժվար է հասկանալ:
Ես վերջին անգամ եմ հորդորում նրան, բարձ պահել ԲՀԿ անունը, «քարը փեշից թափել», վեր կանգնել անձնական ամբիցիաներից ու չեղարկել իր ապօրինի որոշումը: Դրանով նա կկանխի իր հեղինակության վերջին պատառիկների կորուստը: Տեսեք, նա շարունակ խոսում է լեգիտիմությունից, կուսակցական կարգապահությունից ու իր նկատմամբ կուսակցականների հավատից: Եթե նա վստահ է, որ ինձ կուսակցությունից հեռացրել է օրինական կարգով, ապա թող գումարի Քաղաքական խորհրդի արտահերթ նիստ և օրակարգում դնի այդ հարցը:
- Ինչո՞ւ չի անում:
- Նա գիտի, որ ի վիճակի չէ նույնիսկ Քաղաքական խորհուրդ գումարել, մարդկանց հավաքել, առավելևս' իրեն ձեռնտու որոշում պարտադրել: Քաղաքական խորհրդում լավ գիտեն՝ ով, ով է: Նա արդեն շուրջ մեկ տարի, ինչ ոչ բարով դարձել է կուսակցության ղեկավար, Քաղաքական խորհրդի նիստ չի հրավիրել, քանզի ամաչում է տարածքային կառույցների, հատկապես շրջանների մեր նվիրված կուսակցականների հետ հանդիպելուց, քանի որ անվերջ ու անընդմեջ հիասթափեցրել է նրանց: Մինչդեռ Կուսակցության կանոնադրության համաձայն' Քաղաքական խորհրդի նիստեր պետք է գումարվեն առնվազն 2 ամիսը մեկ անգամ: Դե թող հրավիրի ու իմ հարցը դնի քվեարկության:
- Ի՞նչ է, վստահ չէ՞ իր ուժերի վրա:
- Ես Հարավային Սուդանի նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում, օրինակ, ավելի շատ ձայն կհավաքեմ, քան Նաիրա Զոհրաբյանն իր ղեկավարած կուսակցության Քաղաքական խորհրդում: Նա քաղաքական խորհրդում գրեթե ոչ մի համախոհ չունի: Ոչ ոք չի գնա խղճի ու օրենքի դեմ և չի կատարի նրա պահանջը' քվեարկել ապօրինության օգտին: Նա վախենում է Քաղաքական խորհրդի նիստ հրավիրելուց, խնդիրն օրենքով սահմանված եղանակով լուծելուց:
- Ե՞րբ է հրավիրվելու ԲՀԿ հերթական համագումարը:
- Կուսակցությունում մոռացել են' ինչ է համագումարը: Այս տարվա մարտ ամսին պետք է հրավիրվեր: Համագումար հրավիրելն ամեն մեկի խելքի բանը չէ: Այո, այսօր կա համագումարի հրամայականը: Պետք է հրավիրել համագումար, որի օրակարգի առաջին հարցը լինի կուսակցության նախագահի ընտրությունը: Նա այդ պաշտոնին հայտնվեց հանգամանքների պատահական դասավորության արդյունքում, մեկ ակնթարթում՝ առանց երկմտելու, առանց ծանրութեթև անելու: Նա «ընտրվեց» Ծառուկյանի հեղինակությամբ, ում խոսքն անգամ վերջին պահին հարգեցին ու կատարեցին կուսակցականները: Այսօր նա միայն մեկ ճանապարհ ունի՝ լուծելու ներկուսակցական ճգնաժամը. թող Քաղաքական խորհրդի որոշմամբ հրավիրի Համագումար, դնի իր վստահության հարցը, ու ստանա այդ վստահությունը: Դա էապես կամրապնդի նաև ԲՀԿ-ի խարխլված հիմքերը: Բայց նա դա չի անի, չի կարող անել, նա այդքան հեղինակություն չունի: Եթե սխալվեմ, հրապարակավ ներողություն կխնդրեմ նրանից: Տա Աստված սխալվեմ... Բայց՝ դժվար...