ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, ասել է, որ ԲՀԿ-ի համար պաշտոնները ունենալը ինքնանպատակ չէ և եթե այդ պաշտոնները հասարակության վիճակի բարելավմանը չեն նպաստի, ապա իրենք չեն վերցնի նման պաշտոններ, իսկ ենթադրվելիք կոալիցիայի համար ԲՀԿ-ն պատճառներ չի տեսնում: Զարմանալի է, որ նման վերամբարձ ոճի հայտարարություններ է անում մի կուսակցություն, որի կոալիցիոն անցյալը նշանավորվել է կուսակցության կողմից ղեկավարված ոլորտների անփառունակ վախճանով: Քաղաքաշինության ոլորտում արձանագրված չարաշահումները ամիսներ շարունակ չէին իջնում լրատվական թոփ տասնյակներից: Առողջապահական կառույցների անփառունակ մասնավորեցման գործընթացի արդյունքները դեռևս թարմ է մեր հասարակության կենցաղի վրա: Քանի ցցուն ձեռքբերում կարող է հրապարակել ԲՀԿ-ն, որ այդպես էլ չենք նկատում: Եվ այսքանից հետո հանդես գալ վերամբարձ, ճոռոմ հայտարարություններով՝ ուղղակի անհասկանալի է: Եթե
ժողովրդին ծառայելու եք նույն ոճով, որով առաջնորդվում էիք կոալիցիային անդամակցելու ժամանակ՝ հանգիստ կարող եք հիմա էլ անդամակցել, որովհետև մեզ համար մեծ հաշվով միևնույնն է՝ ով է խայտառակում երկրի կենսական ոլորտները:
Եվ ժամանակն է, որ ԱԺ երկրորդ խմբակցությունը ներկայացնող ուժը փոխի իր գործելաոճը: Կուսակցությունները քաղաքական առևտրի օբյեկտ չպետք է դարձվեն: Կուսակցությունների առաջնորդները պետք է սին խորհրդավորության մշուշ ստեղծելու փոխարեն իրենց ընտրազանգվածի հետ առավել անկեղծ վարվեին: Մինչ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեկնում էր Բրյուսել՝ թագադրվելու որպես նախագահի թեկնածու՝ նվիրյալ բարգավաճ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամենուր Ծառուկյանի մասին հայտարարում էր՝ մեր նախագահը: Իսկ ինչ արեց «մեր նախագահը»: Ճակատամարտի մեկնարկից առաջ լքեց մարտադաշտը՝ հասարակության ընդդիմադիր զանգվածին մեն-մենակ թողնելով իշխանությունների դեմ: Այն դեպքում, որ նա կարող էր դառնալ ռեալ թեկնածու: Եթե առաջնորդվում էիք ժողովրդի դարդ ու ցավով՝ ժողովուրդը սպասում էր ԲՀԿ առաջնորդի առաջադրմանը: Այսքանից հետո մեծ-մեծ հղումներ անել ժողովրդի շահերին՝ ժամանակավրեպ է: Հանգիստ վայելեք ձեր այլընտրանքի ճոխ կարգավիճակը և ժողովրդի անունից մեծ-մեծ հայտարարություններ մի արեք...

Չնայած ինչ խորհուրդ տանք, լավ էլ վայելում եք...