ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը մարտի 17-ին իր մանդատի շրջանակներում մոնիթորինգ է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, դիտարկումից հետո դեսպան Կասպշիկը մեկնել է Թբիլիսի: «Ես երկու կողմերից տեղեկություններ ստացա սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ, լսեցի նրանց անհանգստությունների մասին: Երկու կողմերն էլ ընդգծում են առաջնագծին գյուղերի մոտիկության խնդիրը, և որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով քաղաքացիական անձանց հասցված մեծ կորուստները առանձնահատուկ մտահոգության խնդիր են»,- ասված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Դեսպան Կասպշիկը նաև կոչ է արել երկու կողմերին, հաշվի անելով առաջիկա Նովրուզ Բայրամի և Սբ Հարության (Զատկի) տոները, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և շփման գծում կամ սահմանին խուսափել որևէ գործողությունից, որոնք կարող են տանել լարվածության աճի:
«Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և իմ լավագույն մաղթանքները հայտնել տարածաշրջանի ժողովուրդներին առաջիկա տոների առթիվ»,- ասել է Անջեյ Կասպշիկը: