Միջազգային 21 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ադրբեջանում բանտերից ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մենք գտնում ենք, որ ազատ արձակված 14 քաղբանտարկայլներից ոչ մեկը չպետք է ձերբակալվեր: Բացի այդ, եւս մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ շարունակում են մնալ բանտերում Ադրբեջանում: Նրանք պետք է ազատ արձակվեն, պետք է վերջ դրվի Ադրբեջանում տիրող քաղաքական դրդպատճ առներով ձերբակալությունների այդ օղակին», -այդ առնչությամբ ասել է «Սպորտը հանուն իրավունքի» արշավի համակարգող Ռեբեկա Վինսենթը' հավելելով, որ Ադրբեջանում դեռեւս բանտում է գտնվում REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, ում ազատ արձակումը պահանջել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
21 միջազգային կազմակերպությունների կողմից ստորագրված հայտարարության մեջ ասվում է. «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում պնդել մնացած քաղբանտարկյալների առաջնահերթ ազատման մեջ, ինչպես նաեւ իշխանություններից պահանջել բարեփոխումներ իրականացնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ծանր իրավիճակի լավացման համար»:
Հայտարարությունը ստորագրել են Article 19, Civil Rights Defenders, Committee to Protect Journalists, Freedom Now, Front Line Defenders, Helsinki Foundation for Human Rights, Human Rights House Foundation, Index on Censorship, Institute for Reporters’ Freedom and Safety, International Federation for Human Rights (FIDH), International Media Support, International Partnership for Human Rights, NESEHNUTI, Netherlands Helsinki Committee, Norwegian Helsinki Committee, PEN America, People in Need Platform, Polish Green Network, Reporters Without Borders, World Organisation Against Torture (OMCT) կազմակերպությունները:
«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օգթայ Գյուլալիեւը ընդամենը 14 քաղբանտարկյալներին ներումը «մեծ սպասումների ֆոնին փոքր քայլ» է անվանել:
«Բացասական միտում է, երբ մի քանի քաղբանտարկյալի ազատ արձակելուց հետո իշխանությունները ձերբակալում են նորերին: Այդ պատճառով, արդեն երկար ժամանակ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գտնվում է 100 մարդու մակարդակին», -ասել է նա:
Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով իշխանություններին դիմել են նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը, Եվրախորհրդարանի մարդու իրավունքների գծով փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն' Ադրբեջանի բանտերում դեռեւս 93 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը համարվում են «խղճի բանտարկյալներ»: