Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովային կալանավորելու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

«Հայտնի լրագրող և իմ գրասենյակի երկար տարիների գործընկեր Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը հաստատեց իմ մտահոգությունը, որ ԵԽ հետ համագործակցող իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության մյուս ակտիվիստներն Ադրբեջանում բռնաճնշումների են ենթարկվում»,-իր հայտարարության մեջ նշել է Մուժնիեկսը: Նա խստորեն քննադատել է լրագրողի ձերբակալությունը և այն համարել որպես քրեական իրավունքի մտադրված կիրառում այն մարդկանց դեմ, ովքեր քննադատում են իշխանությանը:

 

«Հիմա հարմար ժամանակն է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները դադարեցնեն մարդու իրավունքների ոտնահարումներ և ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր իրենց կարծիքը հայտնելու համար հայտնվել են ճաղերի հետևում»,- նշել է Մուժնիեկսը:

 

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամսով: Ադրբեջանական արդարադատությունը նրան մեղադրում է զրպարտության մեջ: Ադրբեջանի իշխանությունները սկսել են հետապնդել լրագրո ղին այն բանից հետո, ինչ վերջինս հետաքննական հոդվածներ հրապարակեց Իլհամ Ալիևի ընտանիքի ահռելի ունեցվածքի վերաբերյալ: