ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանին ընդառաջ, որը պետք է անցկացվի Բաքվում այս տարվա ամռանը, ԵԱՀԿ ԽՎ-ում էստոնական պատվիրակության անդամներ Յուկու Կալլեն Ռեյդը եւ Օլգա Սոտնիկը բաց նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում կոչ են արել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' հղում կատարելով ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությանը:

 

«Շատ ցավալի է, որ վերջին տարիներին մարդիկ են ձերբակալվել, որոնք արտահայտել են իրենց կարծիքը Ադրբեջանում իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու առիթով: Էստոնական պատվիրակությունը կոչ է անում ներում շնորհել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին մինչեւ Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նիստի անցկացումը», -նշվում է դիմումում: Էստոնացի պատգամավորները նշել են, որ ԵԱՀԿ ԽՎ շատ անդամներ համարում են, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներին ներում շնորհելը մեծ քայլ կհանդիսանա այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավորներ եւ 38 «խղճի բանտարկյալներ» կան: 116 մարդու նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, եւս 6 մարդու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

 

Իրավապաշտպանը նաեւ հիշատակել է մարդկանց անուններ, որոնց նա համարում է քաղաքական կալանավորներ: Մասնավորապես, Լեյլա Յունուսը նշել է Թոֆիգ Յագուբլուին, Իլգար Մամեդովին, Յադիգյար Սադըգովին, Անար Մամեդլիին, Գուրբան Մամեդովին, Խալիլ Մամեդովին, Ռաշադա Ռամազանովային, Ավեզ Զեյնալովին, Թալե Բաղիրովին, Մովսում Սամեդովին եւ «Նիդա» շարժման անդամներին: Իրավապաշտպանը նշել է, որ բոլոր նրանք բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:

 

Լեյլա Յունուսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտին եւ Ջոզեֆ Գրեխին սրիկաներ եւ ստորներ էր անվանել: Եվրոպացի խորհրդարանականներին բացահայտ վիրավորելու պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցի իրավապաշտպանը համաձայն չէ «քաղաքական բանտարկյալ» հասկացողության նկատմամբ վերջիններիս դիրքորոշման հետ: Ագրամունտն ու Գրեխն ավելի վաղ դեմ են հանդես եկել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին ԵԽԽՎ նախկին զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի պատրաստած բանաձեւին, ինչն էլ պատճառ էր բանաձեւը Õ �եհաժողովում չընդունվելու համար:

 

Իր հերթին, Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալներ առկայությունը, եւ նշում, որ վերոհիշյալ բոլոր մարդիկ պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար: