«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը անդրադարձել է Ադրբեջանում հունվարի 12-ին 6 տարվա ազատազրկման ենթարկված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինստիտուտը Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունն ու դատապարտումը բնութագրել է որպես քաղաքական մոտիվներով կատարված քայլ և Ադրբեջանի իշխանություններից պահանջել անհապաղ ազատ արձակել լրագրողին:
Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլըի փաստաբանը, որի ներկայացրած բողոքարկումը մերժվել էր, լրագրողի փաստաբանը բողոքը ներկայացրել էր, արդեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:
Բաքվի շրջանային դատարանում հունվարի 12-ին տեղի էր ունեցել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլըի դատավարությունը, և նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ուշադիր հետևել և ապահովել Վրաստանում գտնվող մյուս ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների և ակտիվիստների անվտանգությունը: