ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակով դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուին' ձերբակալված լրագրողներին անմիջապես ազատ արձակելու կոչով: «Երեկվա ձերբակալությունները ցուցում են լրագրողների դեմ սպառնալիքների վերածննդի մասին: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' նշել է Միյատովիչը:

 

Դեկտեմբերի 14-ին թերթերի և և հեռուստաընկերությունների վրա կատարված արշավի ժամանակ ոստիկանությունը լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների էր ձերբակալել: «Ձերբակալությունները կրկին ցույց են տալիս, որ լրագրողների ձերբակալությունները թույլատրող օրենքները Թուրքիայում խիստ անհրաժեշտ է մանրակրկտորեն վերանայել:

 

Օրենքները չպետք է օգտագործվեն հասարակական կարծիքի արտահայտումը զսպելու համար»,- նամակում գրել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

 

Միյատովիչը նախկինում էլ պարբերաբար կոչ է արել Թուրքիային մի շարք բարեփոխումներ իրականացրել լրատվամիջոցների ազատությունը վերահսկող օրենքներում: Նա նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայում լրագրողների ազատազրկումների էական նվազում է նկատվել: Կազմակերպության ամենամյա հարցումները ցույց են տվել, որ 95 թուրք լրագրողներ են բանտարկվել 2011-ին, իսկ 2014-ին' մոտ 20-ը: