ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանին ընդառաջ, որը պետք է անցկացվի Բաքվում այս տարվա ամռանը, ԵԱՀԿ ԽՎ-ում էստոնական պատվիրակության անդամներ Յուկու Կալլեն Ռեյդը եւ Օլգա Սոտնիկը բաց նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում կոչ են արել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

«Շատ ցավալի է, որ վերջին տարիներին մարդիկ են ձերբակալվել, որոնք արտահայտել են իրենց կարծիքը Ադրբեջանում իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու առիթով: Էստոնական պատվիրակությունը կոչ է անում ներում շնորհել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին մինչև Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նիստի անցկացումը», -նշվում է դիմումում:

 

Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավորներ և 38 «խղճի բանտարկյալներ» կան: 116 մարդու նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, ևս 6 մարդու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

 

Իր հերթին, Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալներ առկայությունը, և նշում, որ վերոհիշյալ բոլոր մարդիկ պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար: